Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»:

Calciomercatonews-ի համաձայն՝ Իտալիայի չեմպիոնը հետաքրքրված է 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և հետևում է նրա շուրջ ստեղծված իրավիճակին: «Յուվենտուսում» սպասում են Մխիթարյանի որոշմանը:


Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: «Ռոման» ցանկանում է նոր պայմանագիր կնքել հայ կիսապաշտպանի հետ, սակայն այդ հարցում կարող է կարևոր դերակատարում ունենալ նրա գործակալ Մինո Ռայոլան: Առաջիկայում Ռայոլան կհանդիպի «Ռոմայի» ղեկավարության հետ, որպեսզի քննարկի Մխիթարյանի ապագայի հարցն ու նոր պայմանագրի պայմանները:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):

Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին (Պանամայի հետ ընկերական խաղում՝ 1:1): Հայաստանի հավաքականում նա անցկացրել է 88 հանդիպում և 30 գոլով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է: Վերջերս կիսապաշտպանը ռեկորդային՝ 10-րդ անգամ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: