Քիչ առաջ Հայաստանը ցնցած երկրաշարժը մարդկանց հիշեցրեց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը։ 88-ի սկզբին սկսված ղարաբաղյան շարժումը մոտ 9 ամիս մինչ այդ ցնցել էր երկիրը՝ բողոքի շուրջօրյա ցույցեր, ԽՍՀՄ պալիտբյուրոյին ուղղված խնդրագրեր ու պատվիրակություններ, ռուսական զինվորներ ու պարետային ժամ եւ հանկարծ՝ դեկտեմբերի 7-ին երկիրն իրապես է ցնցվում։ Մոտ 25 հազար զոհ, ավերված բնակավայրեր, փլատակներ, որբացած երեխաներ ու որդեկորույս ծնողներ։ Կային մարդիկ, որ ընտանիքի բոլոր անդամներին էին կորցրել։ Մանկական դագաղներ էին շարված դպրոցների մոտ․․․փրկարարներն օրեր շարունակ դիեր էին հանում բարձրահարկերի փլատակներից, երբեմն անգամ կենդանի մնացած մարդկանց էին օրեր անց հայտնաբերում եւ փրկում։
Մի մեծ ու անորոշ վախ էր տիրում երկրում։ Երկրաշարժի մարդածին ծագման մասին լեգենդներ էին հյուսվում եւ մարդիկ հավատում էին, որ դա կազմակերպվել է ղարաբաղյան շարժումը ճնշելու, Սովետի քանդման պրոցեսը կանգնեցնելու համար։ Կասկածի սլաքներն ուղղվում էին դեպի Մոսկվա։ Պարզ էր, որ երկար ժամանակ Հայաստանը չի կարողանալու գլուխը վեր բարձրացնել եւ աղետի գոտի հռչակված Սպիտակն ու Գյումրին երկար ժամանակ հնարավոր չի լինելու վերակառուցել։
Բայց ամբողջ աշխարհը ձեռք մեկնեց հայությանը՝ Հայաստան սկսեց գալ մեծ թվով օգնություն, շինարարական բրիգադներ ու շինտեխնիկա, ժամանակավոր տնակներ ու սնունդ։ Նորից մեր սփյուռքը ոտքի կանգնեց, որ համատեղ ուժերով բուժեն Հայաստանի վերքերը։
Այսօրվա ցնցումն ապրած այն մարդիկ, որոնք 88-ի երկրաշարժը լավ են հիշում, րոպեների ընթացքում հայտնվեցին փողոցներում, անմիջապես մտաբերեցին 88-ի դաժան դեկտեմբերյան օրերը՝ երբ մարդիկ վախենում էին տներում ապրել, գիշերում էին վրաններում, փողոցներում։ Այդ ժամանակ սկսեցինք գնահատել սեփական՝ գետնի վրա տուն ունենալու երջանկությունը եւ ատեցինք երկնաքերերը, որոնք հաշված րոպեների ընթացքում լուցկու տուփի նման փշուր-փշուր եղան։
Աստված չանի, կրկնվեն այդ օրերը եւ մեր ազգը նորից հայտնվի արհավիրքի մեջ։ Դեռ չհաղթահարած պատերազմի հետեւանքները, հիմա էլ երկրաշարժը հարվածի մեր բազմաչարչար ժողովրդին։
Աղբյուր՝ https://hraparak.am/post/c45e295662203fd66fa17490817a57f0