ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից ու դարձել անկախ պատգամավոր։ Նման «վտարյալ» պատգամավորների քանակն ԱԺ-ում դանդաղ, բայց աճում է, եւ դատելով նրանց հայտարարություններից՝ պատճառը սեփական խմբակցությունների քաղաքականությանն անհամաձայնությունն է։


Երեք խմբակցություններից իշխող մեծամասնությունը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ԲՀԿ-ն ողջունել է այն, իսկ ԼՀԿ-ն իր «երրորդ ճանապարհին» խցանվել է անորոշության մեջ։ ԼՀԿ-ն իհարկե ինչ որ քայլեր արել է՝ խորհրդարանում կազմակերպեց լսումներ նոյեմբերի 9-ի եւ իրավիճակի կապակցությամբ, բարձրացրեց Արցախի ճանաչման հարցն ու արագ հետ կանգնեց դրանից, նախաձեռնեց որոշակի օրենսդրական նախագծեր։ Սակայն, խոշոր հաշվով, խորհրդարանն այս ընթացքում ստանձնեց «դավաճանության» իր բաժինը՝ երեք ամիս անգործության հետեւանքով Լավրովյան պլանի անխափան իրագործումը։


Հայաստանում այսպես կոչված ներքաղաքական կյանքն էլ երեք ամիս ընթացավ այս տրամաբանությամբ՝ «իշխանափոխության» շուրջ Նիկոլ+16 թե 17 կուսակցություններ, հետագայում երկրորդ ու երրորդ նախագահների խրոխտ բեմելով կառուցվածքը կոչված է աներեր պահել ռեժիմի գոյությունը՝ հանրային դիմադրությունն ու կամքը կոտրելով եւ երկիրը տանելով կորուստների ճանապարհով։


Վտարյալ, կամ իզգոյ պատգամավորները կարող են ճեղքել այս փակուղային իրավիճակը։ Նրանք արդեն սահմանափակված չեն կապանքներով ու իրենց նախկին ղեկավարության հանդեպ պարտավորություններով։ Ընդհանրապես, իզգոյները, կամ կարելի է ասել՝ պասիոնարները հենց նման դեպքերի համար են՝ մի հարվածով փլուզել անելանելի թվացող իրավիճակները։ Իզգոյ էր օրինակ Չինգիզ խանը, իզգոյներ էին հին, նոր ու նորագույն ժամանակների հայտնի տիրակալներ, քաղաքական գործիչներ, քաղաքական շարժումներ։

Հայաստանի խորհրդարանի պատգամավորները կարող են դուրս գալ իրենց խմբակցություններից եւ դառնալ մեծամասնություն, սահմանադրական ճանապարհով իրականացնելով իշխանության ու իրավիճակի փոփոխություն, ասպարեզից հեռացնելով կոլաբորանտ քաղաքական համակարգն իր իշխող ու չիշխող բաղադրիչներով։ Ժամանակը քիչ է, բայց եւ բավարար դա իրագործելու համար։ 

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/17/621332/