Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված առողջապահական որոշ հիմնարկների շենքային բարեկարգ պայմանների ապահովմանը: Քննարկման առաջին թեման վերաբերում էր Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի շահագործմանը և այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին:
Զեկուցմամբ նախ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով կատարվելիք շինաշխատանքների ամբողջ ծավալն ու դրանց ավարտման հնարավոր ժամկետները: Նախագահը հանձնարարել է սեղմ ժամկետներում սկսել այդ աշխատանքները՝ միաժամանակ առողջապահության նախարարին տալով ցուցում զուգահեռ զբաղվել սարքավորումների ձեռքբերման հարցերով:
Խորհրդակցության հաջորդ քննարկված հարցը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին էր վերաբերում: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ եթե նախապատերազմյան շրջանում տրված խոստումը նոր ու ժամանակակից վերականգնողական կենտրոն կառուցելու վերաբերյալ ելնում էր առկա պայմանների բարելավման կարիքից, ապա այսօր այն դարձել է ժամանակի հրամայական: Քննարկվել են տեղի ընտրության և նախագծային աշխատանքների արագ իրականացման հարցերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արտամարմնային բեղմնավորման ծրագրի ընթացքի, ինչպես նաև առողջապահական ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: