Արցախի խորհրդարանում օրինագիծ է ներկայացվել ռուսերենին հայերենի կողքին պաշտոնական կարգավիճակ տալու մասին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են գրական հայերենը և ռուսերենը, նշված է Լեզվի մասին օրենքի փոփոխության նախագծում։
Խորհրդարանը պետք է քննարկի օրինագիծը, որն Արցախում արդեն ոչ միանշանակ գնահատականների տեղ է տվել։ Արցախցիների մի մասը դրանում ոչ մի վատ բան չի տեսնում, առավել եւս, որ Արցախում ռուսերենի իմացության ավանդույթներ միշտ եղել են։ Մյուս մասը կտրականապես դեմ է՝ կարծելով, որ մեր նպատակը հայկական Արցախն է, եւ ցանկացած շեղում այդ վեկտորից անարժեք է։ Կան նաեւ մարդիկ, որոնք վստահ են, որ օրենքի ընդունումը Ռուսաստանի «փափուկ ուժի» մասն է, որն արդեն պահանջել է Նժդեհի արձանի ապամոնտաժումը, իսկ հիմա ուզում է ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալ Արցախում։ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այս առթիվ ռուս խաղաղապահներին կոչ է արել գործել իրենց լիազորությունների շրջանակում՝ չմտնելով հայ ժողովրդի ազգային ու մշակութային կյանքի մեջ։
Խոսքը ոչ թե պետական լեզվի մասին է, որը հայերենն է մնում, այլ պաշտոնականի, ընդ որում, առաջարկում են ռուսերենն օգտագործել հայերենի կողքին «ըստ անհրաժեշտության»։ Փաստաթուղթը նախատեսում է, որ հանրապետությունում գործավարությունը կատարվելու է հայերենով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ռուսերենով։ Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորվում է նոր օրակարգով՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ու Ռուսաստանի միջեւ «մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունները», պատմական հիշողությունը եւ այն, որ հանրապետության բնակիչներից շատերի համար ռուսերենը երկրորդ լեզու է։ Փաստաթղթում նշվում է, որ «Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությունը, բազմաթիվ սոցիալական ու հաղորդակցության խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության գիտակցումը, շինարարության, առողջապահության, կրթության ու գիտության ոլորտում համագործակցությունը պահանջում է ռուսերենի դերի վերագնահատում»։
Արցախում ռուս խաղաղապահների «երկարաժամկետ» ներկայության մասին պնդումը մի կողմ թողնելով, նշենք միայն, որ Ադրբեջանն այդպես էլ չի ստորագրել խաղաղապահների տեղակայման համաձայնագիրը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերսկսման դեպքում չի բացառվում ռուս խաղաղապահների փոխարինումը միջազգայինով։ Ամերիկացիները, օրինակ, առաջարկել են սկանդինավներին, եւ եթե դա իրականություն դառնա, լեզվի մասին օրենքում հարկ կլինի ներառել ֆիններենը, շվեդերենը կամ էլ նորվեգերենը։
Իսկ եթե լուրջ, ապա հայտնի չէ արդյոք խորհրդարանը կընդունի օրենքում փոփոխությունը, պատգամավորները կհամարե՞ն, որ լեզուն կարմիր գիծ է եւ ոչ մի կերպ կապված չէ անվտանգության ու խաղաղապահության հետ։ Ավելին, լեզվի կորուստը կնշանակի անվտանգության ու «դիմադրության գծի» վնասում։
Մարտունիում Նժդեհի արձանը կանգնած է, եւ հայերենն էլ պիտի կանգուն մնա։ Իսկ որոշ փաստաթղթեր «անհրաժեշտության դեպքում» կարելի է ձեւակերպել նաեւ ներքին կարգով, նոտարական թարգմանությամբ։