ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը համարում է, որ Թուրքիան չի հետապնդում Մեծ Թուրան ստեղծելու նպատակ: «Խոսելով Մեծ Թուրանի՝ որպես վերազգային կազմավորման մասին պատմական իմաստով, չեմ կարծում, որ Թուրքիան հետապնդում է նման նպատակ: Չեմ տեսնում՝ ինչպես իրականության մեջ նախկին ԽՍՀՄ եւ ներկայում անկախ երկրները կարող են այդ գաղափարն ինչ-որ կերպ սատարել: Ընդհակառակը՝ նրանց արտաքին քաղաքականության եւ գործունեության ամբողջ պաթոսը կայանում է նրանում, որպեսզի ամրապնդեն իրենց ազգային պետությունը», ասել է նա ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է news.am-ը:


Լավրովը նշել է, որ թյուրքալեզու հարաբերությունների թեման բավականին խորը ներթափանցել է Թուրքիայի եւ համապատասխան երկրների, ներառյալ՝ Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների համագործակցության մեջ: Կա Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ, որում Ռուսաստանը եւս ներգրավված է: «Մի քանի մեր հանրապետություններ հետաքրքրված են շփումներում: Գոյություն ունի Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն: Կա նաեւ Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական ասամբլեա: Բոլոր դրանք գործառնում են արդեն բավականին երկար ժամանակ: Դրանց միջոցառումները հիմնականում կրում են մշակութային, լեզվական, կրթական ավանդույթի պահպանման ուղղվածություն», ընդգծել է Լավրովը:


Լավրովն այս շարքում «մոռացել է» նշել համաթուրքական միասնական բանակի վերաբերյալ Անկարայի մտադրությունները։ Ըստ էության, դրա առաջին քայլն արդեն իրականացվեց Բաքվի հետ, իսկ Կարսում համատեղ զորավարժություններն ու հետագայում «խաղաղապահ գործողություններին» համատեղ մասնակցելու վերաբերյալ հայտարարություններն ամբողջացնում են իրավիճակը։


Բաքվի, Ղարաբաղում պատերազմի օրինակով նախկին ԽՍՀՄ թյուրքալեզու երկրները եւ Ռուսաստանի թյուրքալեզու հանրապետությունները համոզվեցին, թե որքան վտանգավոր է Ռուսաստանը որպես գործընկեր կամ դաշնակից, որը հանձնել է իր դաշնակցին, եւ ընդհակառակը՝ որքան հուսալի դաշնակից է Թուրքիան, որը տղամարդու պես պահում է իր խոսքը (այդպես Պուտինն էր բնութագրել Էրդողանին)։ Բացի այդ, թյուրքալեզու հանրապետությունները տեսան, որ ռազմական առումով Թուրքիան չի զիջում Ռուսաստանին, իսկ որոշակի ոլորտներում գերազանցում է։ Եվ ամենակարեւորը՝ այդ երկրները եւս մեկ անգամ համոզվեցին, որ Մոսկվան վեր է ածվել թուրքական քաղաքականության կցորդի ու փաստաբանի եւ պատրաստ է կատարել նրա բոլոր քմահաճույքներն ու արդարացնել ամեն ինչ։

ՌԴ ռազմա-քաղաքական ղեկավարության, տվյալ պարագայում Լավրովի այս հայտարարությունը դրա վկայությունն է։ Ավելորդ է ասել, որ ռուսական այս իրողություններն անմիջապես ազդում են Հայաստանի վրա։

Իսկ Թուրանը կա, եւ կա վաղուց, Ռուսաստանը մշտապես ամենաբարենպաստ միջավայրն ու գործիքն էր դիտվում թյուրքախոս ժողովուրդների բազմացման, ամրացման ու քաղաքականապես կայանալու համար։

Աղբյուր ՝ https://www.lragir.am/2021/02/20/622145/