«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ձերբակալված Արամ Լևոնի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի, 226.2-րդ հոդվածով և 307.4-րդ հոդվածով՝ բռնության կոչեր, ազգային մոլեռանդություն տարածելու և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության շրջանառության կանոնները խախտելու հատկանիշներով։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպան Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները երեկ խուզարկություն են իրականացրել վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի. քաղաքացի Մհեր Ավագյանի և Արամ Լ. Սարգսյանի աշխատասենյակներում, բնակարաններում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր ձերբակալման որոշման դեմ բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց։

Փաստաբան Գալստյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ձերբակալման իրավաչափության հարցը պետք է քննարկվեր այսօր ժամը 14։00-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, սակայն դատական նիստը հետաձգվել է, քանի որ քննիչը և Սարգսյանը չեն ներկայացել դատական նիստին։ Վարույթ իրականացնող մարմինը հրավիրել էր փաստաբանին՝ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու համար։ Ինչ վերաբերում է կասկածյալի կարգավիճակով կասկածանքի շուրջ դիրքորոշում հայտնելուն, ապա փաստաբանը տեղեկացրեց, որ Սարգսյանը հրաժարվել է որևէ հանգամանքի վերաբերյալ տեղեկություն տալուց, որովհետև գտնում է, որ իրեն ԱԱԾ բերելը, իր հետ որոշակի գործողություններ կատարելը առհասարակ աննպատակ է որևէ կապ՝ հանցագործության դեպքի կամ հանցագործության վերաբերյալ չունի, որեւէ տեղեկություն չունի և անձը, օգտվելով իր լռելու իրավունքից, լռել է, որովհետև անիմաստ է մանրամասները՝ հաշվի առնելով քրեական գործի՝ գործ չլինելը, Սարգսյանը կասկածանքն, ըստ էության, չի ընդունել։