Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեղադրանքով Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող քրեական գործի դատավարությունն ավարտվեց: Հիշեցնենք՝ այս վարույթով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Էդվարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը:
Դատարանը վճռեց՝
Պավել Մանուկյանին դատապարտել 7 տարվա 8 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Վարուժան Ավետիսյանին՝ 7 տարվա 4 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Մխիթար Ավետիսյանին ՝ 7 տարվա 6 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Արայիկ Խանդոյանի մասով քրեական գործի վարույթը կարճել մահվան հիմքով, Գագիկ Եղիազարյանին ՝ 7 տարվա 5 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Արեգ Կյուրեղյանին՝ 7 տարվա 1 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Արմեն Բիլյանին՝ 4 տարվա 6 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Սմբատ Բարսեղյանին՝ 25 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Էդվարդ Գրիգորյանին՝ 6 տարվա 6 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Սեդրակ Նազարյանին՝ 8 տարվա 2 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Հիշեցնենք՝ դատավարությունը սկսվել էր չորս տարի առաջ՝ հունիսի 8-ին: Ամբաստանյալները 31-ն են: Քրեական գործը բաժանվել էր երեք վարույթի: Ամբաստանյաներին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու, կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու և պահելու, դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև երկուսից ավելի անձանց պատանդ վերցնելու և պահելու, զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու, հրկիզման եղանակով դիտավորությամբ տրանսպորտի միջոցներ ոչնչացնելու համար:
Ըստ մեղադրանքի՝ զինված խումբը հանցավոր գործունեությունն ավարտել է 2016թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել է պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։ Ամբաստանյալներից Արմեն Բիլյանը մեղադրվում է նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանի, իսկ Սմբատ Բարսեղյանը՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության համար: