«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին:
Ստորեւ ներկայացնում ենք դիմումը.
«Սիրելի՛ Լեւոն,
Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու եւ մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված:
Հայաստանը միշտ հպարտացել է Ձեզանով, Դուք եղել եք բոլորիս պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Ձեր շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգեւել բազում հաղթանակներ:
Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաեւ շախմատային համերաշխ ընտանիքը եւ ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:
Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլեւս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն:
Այս իշխանությունը շուտով հեռանալու է, եւ մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:
Դիմում եմ Ձեզ՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Ձեր որոշումը: Պատրաստ եմ նաեւ հանդիպել Ձեզ եւ շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում ձեր անգնահատելի մասնակցությունը: