Այն, որ մենք տեւական ժամանակ գտնվում ենք համակարգային քաղաքական եւ տոտալ ճգնաժամի պայմաններում, փաստ է: Այդ ճգնաժամը վաղ թե ուշ պետք է կարգավորվի: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հարցին:

«Այսինքն՝ արտահերթ ընտրությունների անցկացումը նաեւ մեր օրակարգում է, խնդիրն այդ ընտրություններն անցկացնելու ժամկետի եւ պայմանների մեջ է: Մենք օրական կորցնում ենք 5-7 մլն դոլար, պետական կառավարման համակարգը չի գործում: Հետո սա հաղթահարելը շատ բարդ է լինելու, եթե սա ամիսներով շարունակվի, մենք փաստի առաջ ենք կանգնելու»,-նշեց նա:


Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանն այն է, որ վարչապետի թեկնածու չառաջադրվի, համաձայն կլինե՞ն որեւէ պարագայում հրաժարվել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ ունեցած պայմանավորվածություններից, ԲՀԿ պատգամավորները Իվետա Տոնոյանը նշեց, որ այս պահին այդ հարցով քննարկումներ չեն արել:

Ըստ Տոնոյանի՝ յուրաքանչյուր օր ավելի հստակ է դառնում քաղաքական ճգնաժամը. «Մենք 3 օր շարունակ ականատես էինք լինում ԱԺ-ում ծավալվող իրադարձություններին, երբ «Իմ քայլը»-ԲԴԽ նախագահ երկխոսությունը հանգեցրեց ոչնչի: Ի՞նչ է սա, եթե ոչ ԱԺ աշխատանքների, ռեսուրսների վատնում, իսկ այս պարագայում արդյո՞ք մենք կարող ենք մեզ թույլ տալ, որ ԱԺ-ն 3 օր իրականացնի քննարկումներ, ռեսուրսներ վատնի, իսկ հանգուցալուծումը լինի ոչինչ: Երեք օր շարունակ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ լծված էին ԲԴԽ նախագահին անարգանքի սյունին գամելով»: