Ալիեւի հայտարարությունը, թե «հայերը խոչընդոտում են Զանգեզուրի միջանցքի բացմանը, բայց մենք կստիպենք նրանց», եւ որ այդ դրույթը ներառված է եռակողմ հայտարարության մեջ, Հայաստանում տարաբնույթ բուռն արձագանքների պատճառ է դարձել։ Միեւնույն ժամանակ, հարկ է կրկին անդրադառնալ այն հանգամանքին, թե արդյոք եռակողմ հայտարարությունը ստորագրվել է երկու օրինակից եւ տարբեր օրերի։ Օրինակ, հայկական կողմը ստորագրման օր է համարում նոյեմբերի 9-ը, Բաքուն՝ նոյեմբերի 10-ը։ Փաստաթղթի հայկական կողմի «օրինակում» միջանցքի մասին խոսք չկա, եւ որ ցանկացած հաղորդակցություն լինելու է Հայաստանի իրավազորության ներքո, իսկ Ալիեւը պնդում է, որ իր օրինակում կա։


Փաստաթուղթը ստորագրել են Բաքուն եւ Մոսկվան, տեսակապով։ Ըստ էության, դա Հայաստանին պարտադրված ռուս-թուրքական փաստաթուղթ է՝ երկկողմ ձեւաչափով, եւ բնօրինակը կարելի է համարել հենց այդ ձեւաչափում ստորագրվածը։ Այն հապճեպությունը, որով Մոսկվան ու Բաքուն իրականացրել ու շարունակում են իրականացնել դրա դրույթները, ուղեկցելով շանտաժով, սպառնալիքով, «ինքնասպանությամբ», նողկալի քարոզչությամբ, գերիների հարցի ձգձգումով եւ այլն, դրա վկայությունն է։ Դրա վկայությունն է նաեւ այն, որ Մոսկվան ու Բաքուն ստորագրման հենց հաջորդ պահից բազմիցս խախտել են դրա դրույթները։


Մոսկվայի, Բաքվի ու Անկարայի այս հապճեպությունը հասկանալի է՝ Հայաստանի դեմ պլանավորվել ու իրականացվել է ահաբեկչական պատերազմ հանցագործությունների ողջ սպեկտրով, այդ թվում խախտելով միջազգային պարտավորությունները, եւ խնդիր կա «լեգիտիմացնել» այն, որի նպատակով էլ ապակայունացվում ու կազմալուծվում է Հայաստանի ներքին իրավիճակը։ «Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցները», ինչպես ասել է Պուտինի խոսնակը, լիովին ներգրվել են ռուս-թուրքական այս ծրագրերին, այդպիսով բացառելով որեւէ դիմադրություն։

Գուցե տարօրինակ թվա այդ մասնակիցներին, բայց Բաքուն, Մոսկվան ու Անկարան կախված են Երեւանից, եւ նրանց նյարդային հայտարարությունները եւ սպառնալիքները մատնում են այդ հանգամանքը։ Բավական է Երեւանից պաշտոնական մակարդակով մեղադրանք ու պահանջ, եւ հօդս կցնդի ռուս-թուրքական համաձայնությունների խնամքով մշակված այս ողջ պլանը։ «Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցները» պետք է սա շատ հստակ իմանան, իմանան նաեւ, որ այս հնարավորությունը չեզոքացնելու համար կրում են ուղիղ պատասխանատվություն։

Եռակողմ հայտարարությունն անօրինական, անորոշ ու հակասական թուղթ է, որի շրջանակում իրականացված գործողությունները ենթակա են վերանայման։ Նմանապես, օդում կախված է նաեւ ռուսական զորքի ներկայությունն Արցախում, չունենալով որեւէ իրավական հիմք։ Ըստ էության, այդ զորքի ներկայությունը երաշխիք է թուրքերին՝ հայկական կողմի որեւէ նախաձեռնություն զսպելու հարցում, թեեւ հայերին պարտադրվում է «փրկչության» թեզը։ Ճիշտ է Ադեկվադի համահիմնադիր Արթուր Դանիելյանը, որ եթե պատերազմը շարունակվեր եւս մի քանի օր, Բաքվի համար կարող էին անկանխատեսելի հետեւանքներ լինել։ Սա շատ հարցերի պատասխան է տալիս։

 
Այս հանգամանքները հնարավոր չէ անտեսել, այդ պատճառով էլ Ռուսաստանն արդեն խոստովանել է, որ պատերազմը ինքն է նախաձեռնել եւ ինքն է եռակողմ հայտարարության հեղինակը։ Առջեւում դեռ շատ խոստովանություններ են սպասվում, այդ թվում ռուսական զորքի տեղակայման եւ այլ հանգամանքներ։

Ո՞վ է Հայաստանում պատրաստ առաջարկել իրավիճակը 1994-ի սահմաններին վերադարձնելու եւ Արցախի վերամիավորման օրակարգը։ Անհնա՞ր է թվում։ Անհնար ոչինչ չկա, պետք է պարզապես դուրս գալ «ոտքը վերմակի չափով մեկնելու» եւ «ռուսական փրկչության» կաղապարներից, որոնք սահմանափակում են քաղաքական մտահորիզոնը։ Դա ամեն ինչ տեղը կգցի։ Մոսկվան, Անկարան ու Բաքուն չափազանց թանկ են վճարելու այս ամենի համար։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/07/625651/