Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել էր Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնք: Տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ հերոսական պայքարի գնով պահված տարածքում համայնքը զարգացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Արցախի նախագահն անդրադարձել էր նաև Կարմի Շուկայի վերաբերյալ ադրբեջանցիների հետ բանակցություններին:
Մասնավորապես նա հայտարարել էր, որ բավականին երկար բանակցություններ են ընթացել, ադրբեջանցիները պահանջել են Կարմիր Շուկա գյուղը հանձնել իրենց, սակայն Արցախի նախագահն ասում է, որ հաստատակամորեն հրաժարվել է զիջել գյուղը:


Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ադրբեջանցիները Կարմիր Շուկայի հատվածում պահանջում են համատեղ օգտագործման ճանապարհ՝ փոխարենը խոստանալով 30 հայ ռազմագերու հետ վերադարձնել:Եթե ադրբեջանցիների պահանջը բավարարվեր՝ Մարտունին ամբողջությամբ անցնելու էր թշնամու վերահսկողության տակ:
Հաղորդվում էր նաև, որ ադրբեջանցիների այդ պահանջը բավարարելուն կողմ են եղել Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը:

ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան, Արցախի ԱԳՆ-ից տեղեկացրին, որ այդ տեղեկությունն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ պատասխանելու կարիք չկա:
Իր հերթին, Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրես»0-ի հետ զրույցում ասել էր, որ ադրբեջանական կողմը կարող է ցանկությունների, առաջարկություների, պահանջների մի ամբողջ ցանկ հրապարակել հայկական տեղեկատվական դաշտը փոթորկելու համար: Կարմիր Շուկայով անցնող ճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից օգտագործումը գերիների վերադարձի հետ կապելն այդ շարքից է:

«Թեման հերթական անգամ է շրջանառության մեջ դրվում ու հերթական անգամ ստիպված եմ ասել, որ ապատեղեկատվություն է, որը տարածողները շատ լավ գիտեն, որ այսօր էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիները ժամանակավորապես օգտվում են այդ ճանապարհից: Սակայն դա որևէ կերպ չի կարող նշանակել «համատեղ օգտագործում», քանի որ այդ ճանապարհն ամբողջությամբ պատկանում է Արցախի Հանրապետությանը, և դրա կարգավիճակի փոփոխության հարց պարզապես չի կարող քննարկվել», — հայտարարել էր Լուսինե Ավանեսյանը:

Ինչևէ, այն, որ ոչ թե համատեղ օգտագործման ճանապարհի, այլ գյուղի հանձնման մասին են բանակցություններ գնացել՝ հայտարարեց հենց ինքը՝ Արայիկ Հարությունյանը:Այդ դեպքում ո՞րն էր այդ տեղեկությունները ժխտելու իմաստը: