Հայաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է, իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինչը կարող է անսպասելի և անշրջելի հետևանքներ ունենալ մեր պետության համար, ասված է նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ։ Նա մարտի 13-ին հանդիպման է հրավիրել վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման համակարգողներին։


«Խնդիրները բազմաթիվ են, և դրանք լուծելու համար անհրաժեշտ են համակարգային հրատապ փոփոխություններ, այդ թվում սահմանադրական և օրենսդրական», ասել է նախագահը։


Համաշխարհային լրատվամիջոցները ուշադիր հետևում են «պինգ-պոնգին», որը վերջերս տեղի է ունենում Հայաստանում։ Մեկընդմեջ փորձագետների նյարդերը տեղի են տալիս, և նրանք ասում են, թե Հայաստանը խելքը թռցրել է։ Հունական թերթը մտահոգությամբ գրում է այն մասին, որ Ադրբեջանն ու Թուրքիան բացեիբաց պատրաստվում են պատերազմի, որպեսզի «ստիպեն Հայաստանին բացել Զանգեզուրի միջանցքը»։


Իսկ Հայաստանում կարծես թե ոչինչ էլ չի եղել՝ կազմում են տնտեսական մի քանի տարվա ծրագրեր, պատրաստվում ընտրությունների, մտնում «իրավական» քաշքշուկների մեջ և փակում քաղաքի փողոցները։

Համաձայն են արդյոք «Հայաստանի ներքաղաքական գործընթացի մասնակիցները» հավաքվել նախագահի մոտ և բաց խոսել այն մասին, թե ինչն է իրենց անմիջական պատասխանատվության տակ։ Թե՞ սուտն ու մանիպուլյացիաները կշարունակվեն մինչև այն պահը, երբ կբացվի «Զանգեզուրի միջանցքը»։

Եթե Հայաստանը մինչև Դոնբասի հակամարտության սրման փուլի սկիզբը չհասցնի լուծել պետության կառավարման համակարգի խնդիրը, ապա 80 տոկոս հավանականությամբ կկորցնի Իրանի հետ սահմանը։ Բաքուն միանշանակ խոսում է տրանսպորտային միջանցքի մասին և սպառնում հարկադրել Հայաստանին՝ կատարելու եռակողմ համաձայնության կետերը, գրում է տելեգրամ ալիքներից մեկը։

«Հայաստանի վարչապետն ու իշխանություններն այլևս ի վիճակի չեն կայացնել ադեկվատ որոշումներ հայ ժողովրդի համար այսպիսի ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում։ Անարդյունավետ կառավարումը և կոպիտ սխալները, որոնք թույլ են տրվել այս իշխանության կողմից արտաքին քաղաքականության մեջ, երկիրը բերել են փլուզման», գրված էր Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

 
Ունա՞կ են արդյոք այս իշխանությունները կայացնել ինքնիշխան որոշումներ, թե Հայաստանի ղեկավարությունը վերջնականապես վերածվել է կատարածուի տարբեր պետությունների և կորպորացիաների համար, երկիրը տանելով քաղաքական դեֆոլտի։ Կկարողանա՞ քաղաքական դասը դուրս բերել Հայաստանը թրոլինգից, որի տակ հայտնվել ենք մենք բոլորս։

Տեղեկատվական սեղմօղակը ձգվում է, սովորեցնելով թթվածնի քրոնիկ պակասին։ Իսկ հայկական ԶԼՄ-ները լցվում են թրոլինգի բոլոր գույներով, որին ենթարկվում է Հայաստանը, դրանից հաճույք ստանալով:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/12/626691/