Արցախի կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին, որը ենթադրում է պաշտոնական կարգավիճակ տալ ռուսաց լեզվին: Այս մասին հայտնել է Արցախի խորհրդարանի պատգամավոր, օրինագծի համահեղինակ Վիտալի Բալասանյանի Արդարություն կուսակցությունից Մետաքսե Հակոբյանը:


Արցախի խորհրդարանում արդեն կայացել են առաջին լսումներն այս օրինագծի կապակցությամբ, սակայն հարցերը մնացել են, եւ օրենքի համահեղինակ, Սամվել Բաբայանի կուսակցությունից Գագիկ Բաղունցն Արցախի հանրայինով ասել է, որ կլինեն նոր լսումներ եւ քննարկումներ։


Լեզվի մասին օրենքի փոփոխությունը միանշանակ չէ ընդունվել Արցախում։ Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչո՞ւ երեք պատգամավոր հանկարծ որոշեցին նման օրինագիծ մշակել։ Ռուսների կողմից պարտադրա՞նք է եղել։ Թե՞ պատգամավորները որոշել են ինչ-որ ձեւով «վարձահատույց» լինել ռուս խաղաղապահներին եւ լեզվից բացի ուրիշ հարմար տալու բան չեն գտել։ Դատելով լրագրողների հարցերին նրանց գլխիկոր ու կցկտուր պարզաբանումներից, կա թե պարտադրանք, թե դրան դիմադրելու կամքի բացակայություն:

Ռուսաստանի հաջորդ հարվածը լինելու է եկեղեցուն։ Ռուսական ԶԼՄ-ներում արդեն խորհուրդ են տալիս Բաքվին դիմել Տիեզերական ուղղափառ եկեղեցու Պոլսո պատրիարքին՝ «Արցախի Աղվանից եկեղեցուն» կարգավիճակ տալու խնդրանքով։ Հիմա Արցախի հայկական եկեղեցիների մի մասում ուդիներն են կարգ մատուցում, նրանք ընդամենը քրիստոնյա համայնք են, քաղկեդոնական, կամ Ռուսաստանում «հունական» կոչվող կրգի։

Պետք է նշել, որ Տիեզերական ուղղափառ եկեղեցու երեք հիմնադիր-հայրերից եկուսը հայեր են, իսկ լատիներենի փոխարեն հունարենը Հռոմեից Արեւելյան Կայսրության (արեւմտաեվրոպական անվանումը՝ Բյուզանդիա) եկեղեցական շրջանառություն մտավ Հերակլես Ֆլավիոսի հիմնած հայկական կայսերական հարստության օրոք միայն:

Հասկանո՞ւմ են օրինագծի հեղինակները, թե ինչ կծիկ է բացվում: Ռուսաստանը ոչնչացնում է հայկական ինքնության հիմնասյուներն Արցախում, Հայաստանում ու Արցախում պատրա՞ստ են դիմակայել դրան:

Մի քանի տարի առաջ Ռուսաստանն առաջարկում էր հայերին հրաժարվել մեսրոպյան այբուբենից, անցնել կիրիլիցային եւ այդպիսով «մտնել ռուսական աշխարհ»։ Անշուշտ կյուրեղյան այբուբենի հայկական ծագման մասին սառատովցի Վյաչեսլավ Վոլոդինի հարազատ Ալեքսեեւկայում չէին լսել, թե չէ մի ուրիշ բան կմոգոներ: Ինչեւէ, Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց։ Ուզո՞ւմ է հայոց Արցախ աշխարհը դառնալ «ռուսական աշխարհի» մաս, որը մեռնող իմպերիայի վերջին խորտակված «հայեցակարգն» է, թե մնալու է հայկական ոգու բնօրրան։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/11/626601/