Օրերս անդրադարձել էինք պետական այրերի՝ ըստ նպատակահարմարության իրենց պարտականություններից ու ստորագրությունից հրաժարվելու եւ «վերականգնելու» արատավոր պրակտիկային, պետության ինքնատապալման միտումների համատեքստում։ Այս միտումները շարունակվում են, ստանալով անդառնալի բնույթ։


Վերջին օրինակը ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման հրամանագրի ոդիսականն է, որը կրկնում է այդ պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի պատմությունը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետ է վերադարձրել այն կառավարություն, նորից հետ ստացել ու հայտարարել, որ չի ստորագրելու եւ չի դիմելու Սահմանադրական դատարան։


Արմեն Սարգսյանը գրեթե երեք տարի բողոքում է իրավասությունների պակասից, այնուհետեւ գրավոր հրաժարվեց դրանցից կարեւորագույնից, հիմա էլ զբաղված է «չեղած» լիազորությունների յուրօրինակ բանեցմամբ: Բոլոր դեպքերում, հրապարակավ ներքին ճգնաժամը հաղթահարելու մտահոգություններ արտահայտող նախագահի յուրաքանչյուր քայլ կամ այդպիսինի բացակայություն հանգեցնում է քաղաքական ճգնաժամի խորացմանը եւ երկարաձգմանը:

Ընդսմին, մահացու հարված է հասցվում նախագահական բուն ինստիտուտին, ինչը տեղավորվում է հայկական պետական ինքնիշխանության գաղափարի հետեւողական վարկաբեկման ծիրի մեջ: Չտեսնել դա այլեւս հնարավոր չէ:

Հակահայ այս գործունեության պատճառները հանրության մեջ տեսնում են պաշտոնին նշանակման իրավական մութ հանգամանքների, կամ օտար շահերի ուղղակի սպասարկման մեջ: Այս «կամը» խիստ պերճախոս է նույնիսկ հայկական քաղաքական դասի ընդհանուր «օտարածնության» ֆոնին:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/11/626644/