Մոսկվան բացարձակապես անընդունելի եւ անբարոյական է համարում Հայրենիքի մեծ պատերազմի տարիներին նացիզմի դեմ հերոսաբար պայքարողների հիշատակի անարգման ցանկացած ձեւ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում երկրորդ աշխարհամարտի հերոսների հուշարձանների պղծմանը: «Ձեր նշած տեղեկությունները ստուգվում են, եւ եթե դրանք հաստատվեն, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն իրավիճակը շտկելու համար», ասել է նա:
Հիշվում է անցյալ տարվա նոյեմբերի 27-ի բրիֆինգում հայկական եկեղեցիները եւ գերեզմանները պղծելու վերաբերյալ հարցերին Զախարովայի քմծիծաղը եւ հայերի համար վիրավորական պատասխանը:
Լրագրողը նրան հարցրել էր, թե ո՞րն է այդ ամենում Ռուսաստանի դերը: Զախարովան ասել էր, թե չի հասկանում, թե ինչ նկատի ունի լրագրողը «Ռուսաստանի դեր» ասելով: «Անհնար է ընդհանուր խոսել այն մասին, որ բարբարոսական գործողություններ են կատարվում, եւ դրանք ինչ-որ կերպ կապել Ռուսաստանի հետ: Ներեցեք, բայց դա արդեն սյուրռեալիստիկ խոսակցություն է: Խնդրում եմ, ուղարկեք կոնկրետ տեսահոլովակներ, լուսանկարներ, որոնց մասին խոսում եք, եւ նշեք դրանց գտնվելու վայրը: Այդ ժամանակ մենք կկարողանանք կոնկրետացնել դրանք: Ինձ, անկեղծ ասած, մի բան է զարմացնում…Դուք հարցն ուղղում եք մեզ: Միգուցե իմաստ ունի՞ հստակեցնել այդ անձանց պատկանելությունը կոնկրետ պետությանը, ապա դրանից հետո հարցն ուղղել այդ պետությանը, որի քաղաքացիներն են այդ տեսանյութերում պատկերված անձինք»:
Ռուսաստանը շատ կոնկրետ դեր ունի, չնայած խոսնակի չքմեղանքին, եռակողմ հայտարարության երաշխավորի, եւ մասնավորապես պատմության ու մշակույթի ժառանգության պահպանման մասով: Ավելին, Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն այդ շրջանում եւ հետո բարձր են գնահատել Բաքվի ջանքերն այդ «ժառանգության պահպանման հարցում»:
Զախարովայի այն ժամանակվա պատասխանն անկասկած ուղիղ խրախուսանք էր Բաքվին, որը շուտով ունեցավ իր հետեւանքը: Հուշարձանների պոգրոմները հայկական ոգին կոտրելու ծիրից են, իսկ պոստֆակտում «զղջումները» համեմատական են պատերազմի ավարտին արված հայտարարություններին: Խոսքը Վլադիմիր Պուտինի՝ «ինքներդ էիք մեղավոր» հայերին ուղղված հայտարարությանն է վերաբերում: Մասամբ այն հիմք ունի. ՀՀ նախագահը կամ ԱԳՆ-ն հիմնականում լռում են:
Բաքուն հավատարիմ է Լենին-Աթաթուրք 1921-ի արյունոտ գործարքին, որի տրամաբանությունը հայկական պետության ու հայկական պատմա-մշակութային ներկայության ոչնչացումն է Մոսկվայի հովանու ներքո: Արցախում հայ ինքնության, հայերենի եւ հայ եկեղեցու դեմ մոսկովյան հարձակումներն այս նույն տրամաբանությամբ են՝ եռակողմ հայտարարության ներքո: