«Փաստ» օրաթերթը գրում է. «mk.ru-ն գրում է, որ եթե մարդը պատահաբար քաղաքական հրդեհ է բորբոքել, որը բացարձակապես ավելորդ է իր ու երկրի համար, ապա պետք է հանգցնի այն, ներողություն խնդրի և առաջ շարժվի. դա է այն սկզբունքը, որը սովորաբար օգտագործում են կառավարությունների ադեկվատ ղեկավարները: Բայց Նիկոլ Փաշինյանն ունի քաղաքական հրդեհների դեմ պայքարի իր մեթոդը: Նա նախընտրում է դրանց վրա կերոսին ավելացնել: Փաշինյանը, կարծես, պատրաստ է ամեն ինչի սեփական սխալը չընդունելու համար: Նրա համար գլխավորը «իրավախախտներին» հրապարակայնորեն պատժելն է: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ է արվել: Եվ ահա, բնական արդյունքը. Հայաստանում հանդարտված ներքաղաքական ճգնաժամը բռնկվել է նոր թափով: Քաղաքացիական և ռազմական ղեկավարության միջև բախումը ամենավերջին բանն է, որը պետք է ունենա մի երկիր, որը պարզապես ջախջախիչ պարտություն է կրել ճակատագրական զինված բախման ընթացքում:
Բայց Փաշինյանը իր ղեկավարած պետությանը հենց այդ քաղաքական ուտեստն է մատուցում: Հասկանալով, որ իր իսկ վիրավորական և անհասկանալի հիմնավորված դատողությունը ռուսական «Իսկանդերի» հասցեին սեպ է խրում Հայաստանի և նրա հիմնական ու միակ պաշտպանի միջև, Փաշինյանն իր մեջ բավարար ողջամտության պաշար է գտել և հետ քայլ կատարել: Վարչապետի խոսնակը վաղուց է արդեն հայտարարել, որ իր ղեկավարը այդ հարցում «ապատեղեկացված» է եղել: Տրամաբանական կլիներ շարունակել այդ հաշտեցման գիծը և միացնել հետընթաց արագությունը ոչ միայն Մոսկվայի, այլ նաև սեփական զինված ուժերի նկատմամբ: Բայց Փաշինյանի տեսանկյունից, այն փաստը, որ ինքը քողարկված կերպով ներողություն է խնդրել «Յուպիտերից» (Ռուսաստանից), չի նշանակում, որ պետք է նույն կերպ ներողություն խնդրի նաև «ցուլից» (Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբից): Փոխարենը, վարչապետը ցանկանում է գլխավոր շտաբը վերածել ամբողջովին «ընտելացված կենդանու». այնտեղից վտարել այն գեներալներին, ովքեր չեն հապաղել արտահայտել իրենց սեփական կարծիքը և փոխարինել նրանց իրեն 100 %-ով հավատարիմ դրածոներով: