Թուրքի մուտքը Մեղրի, մանավանդ ռուսական ուղեկցությամբ, պայթեցնելու է իրադրությունը Հայաստանում: Ամիսներ տեւող 17-ի «Նիկոլը Թուրքիայի հետ է՝ մենք Ռուսաստանի» պատվերով բացօթյա համերգը տվել է իր արդյունքը: Հանրային ընկալման մեջ այդ երկրների դերը 2020 պատերազմում «ձուլվել» է: Ռուսն ու թուրքը եղբայրացել են արդեն դարավոր հայատյացության հողի վրա: Այս պայմաններում Մեղրիի միջանցքի շուրջ որեւէ շարժում հարվածելու է առաջին հերթին Ռուսաստանին, այնուհետեւ միայն Թուրքիային


Մոսկվայում դա գիտակցում են: 1921թ. խաղաղության եւ եղբայրության պայմանագրի ավարտի թնջուկը պատերազմով լուծելու 2020-ի փորձը Հայաստանում լծից ազատագրվելու տրամադրություն է առաջացրել: Այս տրամադրությունը ջարդելու համար հայությանը նվաստացման նոր չափաբաժին էր հարկավոր: Մեղրու միջանցքը հենց դա է: Սակայն, մի բան է ռուս-թուրքական կոալիցիայով ուժ գործադրել պատերազմի ընթացքում եւ բոլորովին այլ՝ զինադադարի պայմաններում իրականացնել զավթողական «օրթաղ» ծրագրեր: Առանց պատերազմի չի ստացվի:

Սմոլենսկայա հրապարակում առկա է ծայրահեղ նյարդային վիճակ: Մեղրին պատերազմով գրավելու Բաքվի սպառնալիքները շինծու զվարթությամբ անտեսվում են [Զախարովա, 1]: 1921-ի ոճիրը ժխտելու կամ արդարացնելու Մոսկվայի քաղաքականությունը անհեռանկար է: Չօգնեց 2020 պատերազմը, չեն օգնելու նաեւ հաջորդները:

Առկա է հայ-ռուսական լարվածության էսկալացիա՝ միանգամայն կանխատեսելի հետեւանքներով: Հայկական հողի եւ հայության իրավունքի նկատմամբ ոտնձգությունների շարունակության դեպքում Հայաստանը պետք է պատրաստ լինի դիմել միջազգային ատյաններին, ինչպես նաեւ ռազմական օտար ուղղակի միջամտության՝ ինքնապաշտպանության ՄԱԿ կանոններին համաձայն: 2020-ի սխալը չպիտի կրկնվի: Եթե Ռուսաստանը ՆԱՏՕ էր երազում «Ադրբեջանում», պիտի պատրաստ լինի նաեւ «Դանցիգին» հետեւած 1939թ. իրողությունների վերարտադրությանը:

Անշուշտ, Մեղրիի մասին խոսելը իմաստ չէր ունենա, եթե չլիներ ՀՀ ԱԳՆ հստակ դիրքորոշումը հանրապետության տարածքի անձեռնմխելիության մասին: Հիշենք նաեւ վարչապետ Փաշինյանի ընդհանուր դիտողությունը, որ Մեղրու միջանցքը կարող է լինել, կարող է նաեւ չլինել: Հայաստանը Իրանից անջատելու Ռուսաստանի ձգտումը իրականացվում է Բաքվի «իղձերի» ծածկույթի տակ: Ռուս-թուրքական ծրագրին դիմադրելը, անշուշտ, հարգանք է ներշնչում ԱԳ նախարարության հանդեպ:

17-ին ուղղորդող ռուսահայ զլմ-ների համառ պնդումները, թե «իմպուլսիվ Նիկոլը» ԱԳ նախարար Արա Այվազյանին հրաժարականի առաջարկ է անելու, մատնում են Մոսկվայի բացահայտ շահագրգռությունը:

Հանրության հակադարձումը հակահայ կուրսին ծավալվելու է ըստ այդմ: Հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է միայն 1921-ի եւ 2020-ի հետեւանքների վերացումից հետո: Կեցցե՛ ազատ Կարս, Արարատ ու Նախիջեւան, կեցցե՛ ազատ Արցախ։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/15/627397/