Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shmashyan.com-ը:
Ժամը 04։00-ից 04։30-ն ընկած ժամանակահատվածում 32-ամյա Կարապետ Թահյանը իր վարած Bentley մակնիշի 77 XF 777 համարանիշի ավտոմեքենայով Նազարբեկյան փողոցի 25/1 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կախված վիճակում հայտնվել շինության նպատակով կոյուղաջրերի համար փորված փոսում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Հարություն Թագվորյանն ու Արմեն Դումանյանը։ Փաստի առթվ Հ. Թագվորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ նշված հատվածում տևական ժամանակ է՝ շինարարական աշխատանքներ են ընթանում, սակայն նախազգուշացնող ոչ մի նշաններ տեղադրված չէն, և վարորդները կարող են չնկատել և տեղի ունենա վթար, ինչը այս պահին կա. «Իսկ թե ով է փոխհատուցելու քաղաքացու վնասը, չգիտենք։ Լավ կլիներ, որ կառուցապատող ընկերությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, կահավորեր համապատասխան նախազգուշացնող նշաններով և տեղադրեր նաև լուսային փարոսիկներ։ Իսկ եթե այդ ամենը արված լիներ, այս վթարը տեղի չէր ունենա»։