Նորվեգիայում ևս երկու մարդ է մահացել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո: Տեղեկատվությունը հրապարակվել է մարտի 21-ին Նորվեգիայի դեղամիջոցների գործակալության կայքում:
«Նորվեգիայի դեղամիջոցների գործակալությունը և Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) շարունակում են ուսումնասիրել կողմնակի ռեակցիաների համարժեք զեկույցները Եվրոպայում՝ պարզելու համար, արդյոք այդ դեպքերը կարող են կապված լինել AstraZeneca պատվաստանյութով պատվաստման հետ: Գործակալությունը երկրում հիվանդության բոլոր դեպքերի վերաբերյալ տվյալներ է փոխանցում EMA-ին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո հինգ մարդ հոսպիտալացվել է: Մարտի 15-21-ի շաբաթվա ընթացքում երեք մարդ մահացել է. մեկը՝ շաբաթվա սկզբին, և երկուսը՝ վերջում:
Գործակալությունը չի բացառում կապը թրոմբոզի առաջացման և AstraZeneca պատվաստանյութի օգտագործման միջև: Նշվում է, որ այլ ընկերությունների պատվաստանյութերի օգտագործման դեպքում նման կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել: