Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Նշենք, որ դատավորներ Արեւիկ Պետրոսյանը եւ Հրայր Թովմասյանը միջնորդել էին դիմումը քննել բանավոր ընթացակարգով՝ հաշվի առնելով նաեւ գործի հասարակական հնչեղությունը։


Միջնորդությանը դեմ արտահայտվեցին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, դատավորներ Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը։

Միջնորդություն ներկայացնող Արեւիկ Պետրոսյանը մատնանշեց ՍԴ աշխատակարգի 67֊րդ կետը, որով գործի քննության ցանկացած փուլում անհրաժեշտության դեպքում կարելի է անցնել բանավոր ընթացակարգի եւ ՍԴ֊ն ունեցել է նման պրակտիկա, երբ ՄԻՊ֊ի դիմումի մասով քննություն է իրականացրել բանավոր։

ՍԴ նախագահը դեմ արտահայտվելով բանավոր ընթացակարգի անցնելու վերաբերյալ Պետրոսյանի եւ Թովմասյանի ներակայացրած միջնորդություններին՝ նշեց. «Մեր հասարակության հիշողության մեջ, նաեւ իրավական հանրության մեջ ՍԴ-ի անկողմնակալության եւ անաչառության վերաբերյալ բոլոր պատկերացումները ձեւավորվել են բացառապես ՍԴ-ի կայացրած որոշումների բովանդակության հիմա վրա»։

Դիլանյանն ասաց նաեւ, որ բանավոր ընթացակարգի անցնելու դեպքում գործի քննությունն անհարկի կձգձգվի։

Հրայր Թովմասյանն էլ արձագանքեց գործի քննության ձգձգման մասին ՍԴ նախագահի խոսքին. «Եթե անհարկի ձգձգումների մասին էիք խոսում, պետք է բարի լիներ հուլիսի 7֊ին նշանակված նիստը հաջորդ տարվա մարտի 23֊ին չքննել։ Պետք էր ժամանակին կազմակերպել, որ այս գործը քննվեր»։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, եւ կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով։

Նշված կառույցներից պատասխան ստացվեց 2020 թվականի ամռանը։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձեւակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցում չկա. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին նիստ էր նշանակվել, սակայն ԱԺ-ն ՍԴ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել քննությունը, նշելով, թե պետք է ծանոթանա Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։