«Իսկանդեր» կիրառվել է, եւ «Իսկանդերը» չի կարող կիրառվել ու չպայթել, իսկ կրած վնասների մասին տեղեկություն կարող է տրամադրել միայն հակառակորդը: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով, այն տարածքը, որտեղ կիրառվել է «Իսկանդերը», հեռվից լավ տեսանելի չէ, բացի դրանից կիրառման օրը եղել է ամպամած, դա ևս ազդում է տեսանելիության վրա. «Ամենակարևորը պայթյունների կրած վնասն է, որը կարող է ասել միայն հակառակորդը, եթե մենք այդ տարածքները հետագայում հետ չենք վերցրել: Այն տարածքը, որտեղ կիրառվել է, մենք հետ չենք վերցրել եւ արդյունքները չենք կարող արձանագրել: Արդյունքների մասին վարչապետին կարող էր ասել միայն Ադրբեջանը: Պետք է հակառակորդի հետ փոխգործակցես, որ տվյալները տա, թե «Իսկանդերի» արդյունավետությունն ինչքան է եղել: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը երբեք մեզ այդպիսի տվյալներ չի տա»,-ասաց գեներալը: