ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ:
Հանդիպման մասնակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են հավի ձվի շուկայում ստեղծված իրավիճակին: Քննարկվել են նաև բենզինի և դիզելային վառելիքի որակական և քանակական հատկանիշների վերահսկողությանն առնչվող, ինչպես նաև սննդի անվտանգության, մասնավորապես՝ թթվասերի և թթվասերային արտադրանքի պատշաճ մակնշման և մակնշումներին համապատասխան որակական հատկանիշների ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հարցեր:
Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումները գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Խոշոր առևտրային ցանցերում իրականացվել և շարունակվում են իրականացվել ամենօրյա մշտադիտարկումներ: Արդեն իսկ պաշտոնական հարցումներ են ուղարկվել ձվի արտադրություն իրականացնող խոշոր տնտեսվարող սուբյեկտներին և առևտրային ցանցերին: Բացի այդ, հանձնաժողովում հանդիպում տեղի կունենա առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ, և ստացված տեղեկությունների ամփոփման և վերլուծության արդյունքում հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կկայացվեն:
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքները տարբեր ապրանքային շուկաներում խնդրահարույց դրսևորումների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ գործընկեր պետական մարմիններին, այս մասին տեղեկանում ենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: