ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Սենատում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունները պետք է լուծվեն ԵԱՀԿ շրջանակներում։ «Ռուսաստանի առաջարկած տարածաշրջանային 3+3 պլատֆորմը հեռու է այդ արժեքներից», ասել է Քենթը։ «Վրացիները մտահոգված են այն փաստով, որ Ռուսաստանի առաջարկած նախագծերից մի քանիսը փաստացի շրջանցում են Վրաստանը. այդ թվում են երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքները», ավելացրել է նա։


Քենթի կարծիքով, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջարկած տարածաշրջանային 3+3 հարթակը «փորձ է օգտվել այս նոր դինամիկայից՝ տարածաշրջանում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ազդեցությունը ամրապնդելու համար»։


Իրանը ներառվել է այս ցուցակի մեջ, չնայած Իրանում նույնպես գոհ չեն նրանից, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։ Իրանը դեռ չի խոսել «Մեղրիի միջանցքի» մասին Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարությունների առիթով, թեեւ ավելի վաղ հայտարարել էր աշխարհքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։

Իրանը և Վրաստանը զգում են ռուս-թուրքական էքսպանսիան, և դա ինչ-որ պահի տրամաբանորեն պետք է հանգեցնի եռակողմ «դաշինքի» ստեղծմանը։ Փաստորեն, ԱՄՆ ակնարկում է, որ 3+3 ձեւաչափի Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան դաշինքը հակադրվում է մյուս «եռյակին»՝ Հայաստան, Վրաստան, Իրան։

Պատերազմի ժամանակ Թեհրանն ու Թբիլիսին չդատապարտեցին Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմն ու եռակողմ հայտարարությունը, որը Հայաստանի դեմ ուժի կիրառման արդյունք Է։ Իրանն ու Վրաստանը ներկայում զգում են դրա հետեւանքը:

Հայաստանը և Վրաստանը ակտիվ բանակցություններ են վարում ուղևորափոխադրման վերսկսման ուղությամբ, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Մինչդեռ, Ռուսաստանը եւ Թուրքիան անում են ամեն ինչ Մեղրիի միջանցքը բացելու համար։ Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղակայել Հայաստանի հետ սահմանի մոտակայքում զորավարժություններ անցկացնելու նպատակով, հաղորդում է Azariha իրանական Telegram-ալիքը։ Հրապարակման հեղինակները, հղում կատարելով վերլուծաբաններին, ասում են, որ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել Սյունիքի վրա և այդպիսով կտրել հայ-իրանական սահմանը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/25/629915/