Ամեն ինչ պետք է անել գերի ընկած զինվորին ողջ և առողջ վերադարձնելու համար: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ արտահայտեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Ամեն ինչ պետք է արվի, որ այդ տղան իրեն դավաճան չզգա, այլ զգա, որ մեզանից մեկն է»,-նշեց նա հավելելով, որ շատ կարևւոր է նաև, որ նրա ծնողները զգան, որ պետությունն ամեն ինչ անում է իրենց որդուն վերադարձնելու համար:

Ըստ ռազմական փորձագետի միայն վախն է, որ կարող է ադրբեջանցիներին ստիպել չդիմել կտրուկ քայլերի գերի ընկած զինվորի համար:

Նա չբացառեց նաև զինվորի արտահանձնումը Պուտինի Ադրբեջան այցի ժամանակ:

Նշենք, որ 22-ամյա Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 8-ին, 03:00-ի սահմաններում հատել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Համաձայն ԼՂՀ Պաշտպանության նախարարության նախնական տեղեկությունների, զինվորը սահմանը հատել է տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով: Խնդրով զբաղվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: