ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրատ Մերջանը Անադոլուին տված հարցազրույցում պատմել է թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին՝ նշելով, որ հարցերից մեկը, որը բացասաբար է ազդում այդ հարաբերությունների վրա, Հայոց ցեղասպանության հարցն է։ «Առ այսօր ԱՄՆ նախագահները չեն օգտագործել ցեղասպանություն բառը։ Ջո Բայդենը պետք է որոշում կայացնի՝ օգտագործելու է այդ բառը, թե ոչ։ Ամեն տարի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահներն ուղերձ են հղում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ», – ասել է նա։


Հայ համայնքը հսկայական ջանքեր է գործադրում՝ համոզելու Ջո Բայդենին իրերն իրենց անունով կոչելու, ասում են հայ փորձագետները։ Երբ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները գրեթե միաձայն ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, ոչ ոք արդեն չի զարմանա, եթե ԱՄՆ նախագահը հաստատի այդ դիրքորոշումը։ Բայց դա կանի՞ 2020 թվականի աշնանը տարածաշրջանում տեղի ունեցածից հետո։

Հայաստանը պատրա՞ստ է Թուրքիայի դեմ հայց ներկայացնել Միջազգային դատարան։ Երեւանը կհայտարարի՞ իր իրավունքների ու պահանջների մասին։ Թե՞ Հայաստանի ԱԳՆ-ն քաղաքավարի շնորհակալություն կհայտնի Բայդենին, իսկ հետո Երեւանը կսկսի Թուրքիայի հետ «հաշտեցումը» եւ Սյունիքում կբացի ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն։

Երեւանից նախաձեռնության բացակայությունը ԱՄՆ-ին ու մյուս երկրներին հնարավորություն չի տալիս միջամտել ռուս-թուրքական համաձայնություններին։

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին կարգավորելու հակամարտությունն այնքանով, որքանով Բաքուն եւ Երեւանը շահագրգռված կլինեն դրանում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը։

«Ռուսաստանի մտադրությունը շարունակում է մնալ եւս մեկ բաց հարց», – հայտարարել է Քենթը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը «որոշել է հրադադարի պայմանները չհամաձայնեցնել Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմների միջոցով», այլ «ուղիղ ապահովել է այն եռակողմ ձեւաչափով»։ Նա ասել է նաեւ, որ Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտության լուծմամբ։

Միջեւնույն ժամանակ, նրա խոսքով, «բարենպաստ հնարավորություններ են բացվում», այդ թվում՝ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման համար։ «Դա կարող է լինել ոչ այս ամիս, ոչ այս տարի, այլ հեռավոր ապագայում», ասել է ամերիկացի դիվանագետը։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/08/633069/