Պուտին-Փաշինյան հանդիպումից եւ գերիների հարցի քննարկումից հետո, երբ Փաշինյանը հայտնել էր ՌԴ նախագահի հետ տարակարծությունների բացակայության մասին, երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Բաքվից Հայաստան է վերադառնալու գերիների խումբը: Տեղեկությունը հաստատեցին վարչապետի խոսնակն ու փոխվարչապետի գրասենյակը: Ինքնաթիռը վայրէջք կատարեց, սակայն պարզվեց, որ գերիներ չեն վերադարձել:


Գերիների վերադարձ նախատեսված չի եղել, Lragir.am-ի հետ զրույցում ասել է Արթիկի փոխքաղաքապետ, Արցախի նախագահի հասարակական հիմունքներով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ Հիշեցնենք, որ գերիների մեծ մասը Շիրակի մարզից են, Բորիս Ավագյանը զբաղվում է նրանց հարցով:

Հետաքրքիր է՝ վարչապետի ու փոխվարչապետի մակարդակով հայտարարվում է գերիների վերադարձի մասին, Արթիկի փոխքաղաքապետը սակայն հայտնում է, որ գերիների վերադարձ նախատեսված չէր: Ո՞վ է ում խաբել, ի՞նչ մակարդակներում է տեղի ունենում տեղեկատվության փոխանցումը:


Փոխարենը, ըստ Հրապարակ թերթի, այդ ինքնաթիռով ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի հետ Հայաստան է ժամանել թուրքական մի պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած տեղանքի ուսումնասիրությունը:

Հայ գերիների, իրականում՝ պատանդների հարցը Մոսկվայի ու Բաքվի համար լծակ է Հայաստանից զիջումներ կորզելու համար: Հայ զինծառայողների այս խումբը գերեվարվել է նոյեմբերի 9-ից հետո, բավական կասկածելի հանգամանքներում, եռակողմ հայտարարության խախտմամբ եւ ռուս խաղաղապահների մասնակցությամբ: Այս թեմային Լրագիրը բազմիցս անդրադարձել է: Այդ գործողության արդյունքում Հադրութի շրջանը լիովին անցավ Բաքվի վերահսկողության տակ:

Հատկանշական է, որ Մուրադովի ինքնաթիռը Բաքվից բերում է ոչ թե գերիներին, այլ թուրքական պատվիրակություն, որը «տեղորոշելու» է Մեղրիի միջանցքը: Ալիեւը վերջերս հայտարարել էր, թե Զանգեզուրը շուտով միավորելու է թյուրքական աշխարհը: Ավելացնենք, որ «հաղորդակցությունների ապաշրջափակումը» կատարվում է Ռուսաստանի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ, Թուրքիայի հետ միասին:

Կարծիքներ կան, որ «Մեղրիի միջանցքը», կամ՝ թյուրքական աշխարհի միավորումը ձեռնտու չէ Ռուսաստանին: Եթե մեկնենք այն կանխավարկածից, որ Ռուսաստանը ներկայում ի վիճակի չէ կանգնեցնել թյուրքական էքսպանսիան Կովկասում, պետք է արձանագրենք, որ դա Հայաստանի դեմ Լավրովյան պլանի իրագործման արդյունքն է: Հայաստանի ոչնչացման այս ծրագիրը Մոսկվային արդեն ուղիղ կախման մեջ է գցել Բաքվից, Ալիեւը ներկայում կարող է իրեն շատ բան թույլ տալ Ռուսաստանի հանդեպ:

Գերիների հարցը շանտաժի առարկա էր Կարմիր Շուկա բնակավայրի, ներկայում էլ՝ Մեղրիի միջանցքի հարցում: Գերիների հարցն այլ մեթոդներով լուծում է ենթադրում: Սակայն Հայաստանում ռուսահպատակ իշխող խմբի ու «ընդդիմության» առկայությունը բացառում է այդ մեթոդները:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/09/633120/