Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ծնողներին վերջապես ընդունել են Կարմիր խաչի գրասենյակում, որի դիմաց այսօր նրանք մի քանի ժամ են անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է razm.info-ն:
Կայքի փոխանցմամբ, հայ ռազմագերու ծնողները դեռ հանդիպում են անցկացնում Հայաստանում գտնվող ԿԽՄԿ հատուկ պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ, ով այսօր ավելի վաղ այցելել էր պաշտպանության նախարարություն, իսկ այցից հետո ընդունել է ծնողներին։
Ինչպես հայտնում է razm.info-ն, օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Ինջիղուլյանին, որ գրանցված դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։