Միջազգային լրագրողները վրդովմունքով ու զզվանքով են արձագանքել Ադրբեջանում, այսպես կոչված, «ավարային այգու» բացմանը, որին մասնակցել է նախագահ Իլհամ Ալիեւը: Հայ զինվորների սաղավարտների ֆոնին «համարձակ» քայլող Ադրբեջանի առաջնորդի դեմքի ինքնագոհ արտահայտությունը մեծամասնության մոտ Հիտլերի եւ Սադամ Հուսեյնի հետ ասոցիացիա է առաջացրել:
«Սա խորապես նողկալի է եւ հիշեցնում է Բաղդադում «Հաղթանակի կամարի» հիմքում սաղավարտների հավաքածուն, որը, Սադամի պմդմամբ, պատկանում է 1980-88 թվականների պատերազմում զոհված իրանցի զինվորներին»,- գրել է Bloomberg-ի լրագրող Բոբի Գոշը:
«Ես համարյա դադարել եմ Twitter-ում մեկնաբանել Հայաստան-Ադրբեջան թեման (երկու կողմերից չափազանց շատ են լինչի դատաստանի կողմնակիցները), բայց դա իսկապես հուսահատեցնող է: Կրակոցները դադարել են, բայց «հաղթանակի մտածողությունը = մյուսի նվաստացմանը» շարունակում է ապրել»,- ասել է Թոմաս դե Վաալը:
«Զարմանալի չէ, որ այդքան շատ ադրբեջանցի զինվորներ փաստել են իրենց դաժան ռազմական հանցագործությունները: Այլասերվածության այս տեսակը խրախուսվում եւ նշվում է պետական մակարդակով»,- ասել է հետաքննող լրագրող Լինդսի Սնելը:
The Times-ի եւ The Sunday Times-ի սյունակագիր Ալեքս Մասին այս կապակցությամբ մեջբերել է Ջոն Բյուքենին. «Դուք կարծում եք, թե պատը նույնքան ամուր, որքան հողը բաժանում է քաղաքակրթությունը բարբարոսությունից։ Ես ասում եմ ձեզ, որ բաժանումը թել է: Հպում այստեղ, մղում այնտեղ, եւ դուք հետ եք բերում Սատուրնի տիրապետությունը»:
«Սա խելահեղություն է»,- գրում է BuzzFeedNews-ի թղթակից Քրիստոֆեր Միլլերը:
«Ահա թե ինչ տեսք ունեն ոչ թե հաղթողները, այլ ռազմական հանցագործները. Ադրբեջանի նախագահ Ալիեւը Բաքվում կառուցել է սեփական զվարճանքի այգին՝ հայ զինվորների սաղավարտներ, հայկական համազգեստով մոմե տիկնիկներ եւ խանութ... Սիրտս խառնում է»,- ասել է գերմանացի կինոռեժիսոր եւ իրավապաշտպան Դյունեզ Թեկկալը:
«Պատերազմի ավարտից հինգ ամիս անց Ալիեւը դեռ զինվորական համազգեստ է կրում, մինչդեռ ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ իրենք շատ են աշխատում հաշտեցման ուղղությամբ... Հիմնականում, սա օրինակ է, թե ինչու է հիմարություն կարծել, թե երբեւէ հայ-ադրբեջանական հաշտեցումը հնարավոր է, քանի դեռ Ալիեւն իշխանության գլուխ է...
Եւ, իհարկե, այն դառնում է էլ ավելի խելահեղ: Այստեղ Ալիեւը ուսումնասիրում է հայ զինծառայողների մոմե կերպարները...»,- թվիթների շարքում գրել է Guardian-ի եւ CNN-ի լրագրող Նիլ Հաուերը: