«Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա դրությամբ համարվում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործիչը։ Նրա գրեթե բոլոր խոսքերն ընդունվում են «հալած յուղի» պես։ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Տիգրան Սարգսյանի շրջապատն արդեն անթաքույց խոսում է այն մասին, որ ՀՀ հաջորդ նախագահը հենց նա է։
Նույնիսկ ինքը՝ Տ. Սարգսյանը, շատ պաշտոնյաների հետ զրույցում արդեն ակնարկել է, որ այս իշխանության շարունակողն ինքն է լինելու, հետեւաբար, պետք է իրեն հաշվետու լինել։
Ու, հաշվի առնելով այսօր մեր երկրում առկա իրավիճակը, ամենեւին էլ զարմանալի չէ, որ «գրպանային նախարարներ» ունեցող ՀՀ վարչապետը, որը նաեւ իր համար քաղաքական կապիտալ է հիմնում՝ ԱԺՄ-ին եւ ավանդական կուսակցություններին վերակենդանացնելով, կարող է նաեւ հավակնել ՀՀ նախագահի աթոռին:
Հավելենք, որ Տ. Սարգսյանն արդեն հասցրել է «տարածվել» Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում, որտեղ կա ֆինանսական աշխուժություն» ,–գրում է թերթը։