Փառք Աստծո, ամեն ինչ վերջացավ: Ուղղակի ապրեք, որ վերջացրիք, և ես համոզված եմ, որ դուք կշրջեք այս էջը, այնպիսի մոտեցումներով, որ Ադրբեջանը չի պատրաստվում ծնկի իջեցնել հայերին, ովքեր ապրում են Ադրբեջանում, չէ ո՞ր նրանք միայն Արցախում չեն ապրում, նրանք ապրում են նաև այլ վայրերում: Իսկ այն տեղեկատվությունը, որ ադրբեջանցիներից ինչ-որ մեկը ծաղրում է հայերին, ես չգիտեմ նման օրինակներ: Մենք կօգնենք ամեն կերպ, որտեղ դուք մեզ հրավիրում եք: Մենք կառաջարկենք մեր տարբերակները: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա նաև ընդգծել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի դերը երկկողմ կապերի զարգացման գործում, ինչպես նաև բարձր է գնահատել նրա գործունեությունը Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների «վերականգնման գործում» և Բելառուսում համավարակի դեմ պայքարում:
«Իհարկե, մենք խոսել ենք առևտրատնտեսական համագործակցության և համագործակցության ավելի բարձր փուլի անցնելու` համատեղ ձեռնարկությունների, տեխնոլոգիաների փոխանցման և այստեղ արդյունաբերություն ստեղծելու մասին, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանին, բայց որոնք նրանք ավանդաբար չունեին խորհրդային ժամանակներում և հիմա էլ չունեն: Խնդրեմ, մենք պատրաստ ենք տեղափոխել այստեղ և միասին ստեղծել ձեռնարկություններ, հատկապես տարածքներում, որոնք ազատագրվել են և որոնք պետք է վերականգնել»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև հայտարարել է` «Ադրբեջանը պետք է իմանա, որ բելառուսները հուսալի ընկերներ են և հուսալի մարդիկ: Այն ամենը, ինչի շուրջ պայմանավորվել ենք, կյանքի կկոչվի»: