Lragir.am-ը գրում է. Ռուս-ուկրաինական կտրուկ լարման եւ հնարավոր ռազմական բախման եւ Թուրքիայի ակտիվության իրավիճակում ռուսական փորձագիտական հանրությունը սկսել է հաճախ զուգահեռներ տանել Ղարաբաղի իրադարձությունների հետ։ Ավելի ու ավելի բաց է խոսվում այն մասին, որ Ռուսաստանն ամեն ինչ արեց հայերի պարտությունն ապահովելու համար՝ այդ թվում Ղրիմ-Ղարաբաղ խնդրի եւ Թուրքիայի էքսպանսիան ուկրաինական ուղղությամբ զսպելու համատեքստում։ Այս խնդրին մանրամասն անդրադարձն՝ այստեղ։
Նախօրեին Հայաստանի խորհրդարանում նոր ուժով բորբոքվեց պատերազմի հանգամանքների շուրջ «բանավեճը»․ Նիկոլ Փաշինյանը մեկ ժամից ավելի արդարանում ու մեղադրում էր գեներալներին ու հրամկազմին, նախկիններին, վերջիններս զլմ-ներով արդարանում ու մեղադրում էին վարչապետին։ Վեց ամիս իշխող խումբը եւ ռուսահպատակ ընդդիմությունը զբաղված են միայն դրանով։ Այս «բանավեճից» խնամքով դուրս է մնում Ռուսաստանը, եւ եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը երբեմն ինչ որ բաներ էր բացահայտում այս ուղղությամբ, ներկայում դա էլ չկա։
Ավելին, ԱԳՆ-ից բացի, որը պարբերաբար կտրուկ հայտարարություններ է անում Արցախի դեօկուպացիայի եւ կարգավիճակի մասին, այս շրջանակները նույնպես խնամքով շրջանցում են այս հարցերը։ Պարզ է, թե ինչու՝ դա ձեռնտու չէ Ռուսաստանին, որը հայերի պարտությունն ապահովելուց հետո հայտարարել է, որ հակամարտությունը լուծված է։
Հայաստանում ծավալված այս «բանավեճն» իրականում մատնում է պատերազմին Ռուսաստանի դերի ու մասնակցության էությունը, որին Լրագիրն անդրադարձել է բազմիցս։ Եթե «բանավեճից» հանենք փոխադարձ մեղադրանքներն ու անվանարկումները, պարզվում է իրական պատկերը՝ անսարք սպառազինությունից մինչեւ բանակի քայքայում ագենտուրայի միջոցով։ Նման մասշտաբային դիվերսիան չէր կարող «տեղական ծագում» ունենալ։ Ընդ որում, ռուսական այս պլանավորումը սկիզբ է առնում 2015-ից, որի փուլերն էին ապրիլյան պատերազմը, Լավրովի պլանը, 2018-ը, 2020-ի սեպտեմբերը։ Ավելորդ չէ նշել, որ ռուսական ու հայաստանյան ռուսահպատակ շրջանակներն արդեն 2018-ից մանրամասն նկարագրում էին 2020-ի պատերազմի հանգամանքները՝ հայերի պարտության ու կորուստների անխուսափելիությամբ։ Դա քաղաքագիտական կանխատեսում չէր, ոչ էլ պարզ ընդդիմադիր քարոզչություն՝ նման մասշտաբի «արտահոսքը» մտնում էր Լավրովի պլանը պատերազմով իրականացնելու ռազմավարության մեջ, ապահովելով տեղեկատվական-հոգեբանական ազդեցությունը բանակի ու հանրության վրա։
Պետք է նշել, որ այս տրամաբանության մեջ են նաեւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների խոստովանությունները։ Այս ֆոնին, Հայաստանում ներկայիս «հետպատերազմյա բանավեճը» ընդամենը կոլաբորանտական բնույթի քաղաքական դասի հրմշտոցն է ռուսական լափամանի մոտ տեղ ունենալու համար՝ մոսկովյան սցենարով այսպես կոչված նախընտրական գործընթացների շրջանակում։ Փաշինյան-Քոչարյան սխեմայի մոսկովյան մտահղացումը Լավրովի պլանի արդեն ընդլայնված գործարկումն է Հայաստանին ինչ որ միջանցքներ ու պայմանագրեր պարտադրելու համար։
Հայաստանի հանրությունը գերակշիռ մասով անհաղորդ էր իրեն պարտադրված այս «բանավեճին» ու նախընտրական սխեմային, որն ուղղված է Լավրովի պլանի ընդլայնված իրագործման ապահովմանը։ Հայաստանի հանրությունն իր քվեարկությամբ կարող է պարզապես տապալել այն, որպես իր իրավունքների ու պահանջների հաստատման առաջին քայլ։ Այս հանգամանքը քաջ գիտակցվում է։
Նյութի աղբյուր՝ Lragir.am