Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Յազգանն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի` Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում Արարատ լեռը նկարելուն։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Facebook-ում տեղադրել էր իր նստավայրի պատվավոր հյուրերի գրքի էջից լուսանկարը: Յազգանը թվիթերյան էջում գրել է, որ «Աղրը լեռը (Արարատի թուրքական անունը) Թուրքիայի ամենաբարձր լեռն է»: Նա նաև դա վրացերեն և հայերեն լեզուներով է գրել` հավելելով, թե դա արվել է, որպեսզի «փաստերը չկորչեն ծաղրանկարային դիվանագիտության մեջ»:
Յազգանը Վրաստանում երեւում է նույնպիսի դիրքեր ունի, ինչ ՌԴ դեսպան Կոպիրկինը Հայաստանում։ Թուրքիայի դիրքերը բավական ուժեղ են Վրաստանում, Յազգանը պարբերաբար կտրուկ հայտարարություններ է անում տարբեր իրավիճակների կապակցությամբ։ Օրինակ, վերջերս նա հայտարարել էր, թե սա այլեւս իր ճանաչած Վրաստանը չէ, քանի որ այդ երկրում աճում են թուրքաֆոբիան եւ իսլամաֆոբիան։ Առիթը Ռիոնի կիրճում վրաց բողոքավորների ակցիան էր ընդդեմ թուրքական շինարարական կազմակերպության։
Յազգանը հայտարարել էր նաեւ, թե ոմանք Վրաստանում ապատեղեկատվություն են տարածում, թե Կարսի պայմանագիրը չեղարկվելու է, եւ Թուրքիան հետ է պահանջելու Բաթումի շրջանը։ Հիշեցնենք, որ 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերով Բաթումն անցել է Վրաստանին Արարատ լեռան ու Սուրմալուի դիմաց։ Ռուսաստանի այս առատ նվերը Թուրքիային «հավերժացված» է Արցախում ռուս «խաղաղապահների» հրամանատար Մուրադովի տարբերանշանի վրա՝ որպես երաշխիք թուրքերին։
Արմեն Սարգսյանը հաջորդ նման գրառմանը եւ Արարատը նկարելուն արժե, որ կցի «Թուրքիան Հայաստանի ամենամեծ մասն է» պարզաբանումը։ Դրանում չկա անճշտություն՝ Թուրքիան ստեղծվել է հայկական հողի ու արյան վրա՝ ավազե սահմաններով, միլիոնավոր ծպտյալ, թրքացած, իսլամացած, ալեւի հայ բնակչությամբ։
Թուրքիան կազմավորվել է հայկական տարածքների վրա, Ռուսաստանի աջակցությամբ ու մասնակցությամբ՝ հայերի ցեղասպանությամբ ու հայրենազրկումով։ Հայկական խնդիրը Թուրքիայի հիմնարար խնդիրներից է, եւ այս պարագայում Յազգանի «ծաղրանկարային դիվանագիտության» վերաբերյալ բնորոշումը մատնում է թուրքական վախերը։ Մյուս կողմից, դա հետեւանք է հայկական քաղաքական մտքի, ավելի ճիշտ դրա բացակայության։ 200 տարի այն փակվել է «ռուսամետություն-թրքատյացություն» ապաքաղաքական պրիմիտիվ սխեմայի շղթայում, որի արդյունքը հայրենիքի 9/10-րդ մասի կորուստն է՝ պարբերաբար ցեղասպանություններով։ Նույնը կատարվում է ներկայում, եւ շարունակվելո՞ւ է մինչեւ․․․
«Թուրքիան» իսկապես մերը կարող էր լինել թե հարյուր տարի առաջ, թե ներկայում։ Արցախում Հայաստանի հաղթանակի պարագայում «Ադրբեջանը» կիսելու էին Հայաստանն ու Թուրքիան։ Դրա համար սեփական իրավունքների գիտակցում, քաղաքական միտք ու լայն քաղաքական հայացք էր պետք՝ իրադարձությունների պատճառահետեւանքային կապերը տեսնելու համար, քթից այնկողմ չտեսնելու, տեր փնտրելու, փրկիչների հակումներից դուրս։ Շուտով հերթական ու թերեւս վերջին առիթն է լինելու։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/19/635547/