Այսօր ԵԽԽՎ-ում կրկին որպես Եվրոպայի գերակա խնդիր քննարկվել է ռուս ընդդիմադիր Ալեքսի Նավալնու հարցը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Եվրոպայի Խորհուրդը ակնհայտորեն վերածվել է հակառուսական ակումբի, որտեղ փորձ է արվում կեղծ օրակարգերով Ռուսաստանի դեմ պարբերաբար քաղաքական դեմարշներ կազմակերպել:


Զոհրաբյանը նշել է, որ հակառուսականությունը դարձնելով Եվրոպայի Խորհրդի գերակայություն, դրանով այդ կառույցը ոտնահարում է իր հիմնարար արժեքները, որի սկզբունքն է՝ մարդու իրավունք և զրո քաղաքականություն:

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է.

Հարգելի՛ գործընկերներ,

Աշխարհը խեղդվում է կորոնավիրուսի ճիրաններում, օրական հարյուր հազարավոր երեխաներ եւ կանայք Եվրոպայում դառնում են ընտանեկան բռնության զոհ, հենց այս պահին հարյուրավոր հայ ռազմագերիներ գտնվում են Ադրբեջանի բանտերում, սակայն մեր կառույցի համար Եվրոպայի թիվ մեկ օրակարգը շարունակում է մնալ Նավալնին:

Այո՛, ես կողմ եմ, որ հարգվի մարդու իրավունքը, ես կողմ եմ, որ յուրաքանչյուր ոք ունենա իր քաղաքական հայացքները ազատ արտահայտելու եւ իրացնելու իրավունք, սակայն ես հրաժարվում եմ հասկանալ Եվրոպային, ով հակառուսականությունը սարքել է Եվրոպայի թիվ մեկ օրակարգն ու Նավալնու միջոցով փորձում այդ կեղծ օրակարգն իրացնել։

Հարգելի՛ գործընկերներ, ես կարող եմ հասկանալ ձեր քնքույշ էմոցիաները Նավալնու հանդեպ՝ երբ դուք երդվյալ հակառուս եք, բայց ես ձեզանից շատերին, որ ահա այսպես էնտուզիազմով քննադատում եք Ռուսաստանին, մի պարզ հարց ունեմ՝ դուք գիտե՞ք, թե հենց այս պահին քանի հազար հայ մայր է փնտրում իր անհետ կորած որդուն եւ չի գտնում, որովհետեւ նրանք կա՛մ արդեն չկան, կա՛մ գերեվարված են։ Իսկ Ադրբեջանը հրաժարվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին տրամադրել հայ ռազմագերիների վերաբերյալ հստակ տեղեկատվություն։

Դուք գիտե՞ք, թե ինչպիսի անմարդկային կտտանքների են ենթարկվել ու ենթարկվում գերության մեջ հայտնված հայ զինվորներն ու քաղաքացիական անձինք։

Ինչո՞ւ եք լռում, թե՞ այս թեման չի տեղավորվում ձեր հակառուսական տրամաբանության մեջ։

Դուք չե՞ք տեսնում, թե ինչպես է Ադրբեջանը հետեւողականորեն ոչնչացնում Արցախի պատմամշակութային կոթողները՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, որոնք ոչ միայն հայկական, այլ համաշխարհային մշակույթի բառացիկ նմուշներ են։

Դուք չե՞ք տեսել, թե ինչպես են Ալիեւն ու իր կինը անձամբ հրահանգում հայկական եկեղեցիների վրայից մաքրել հայկականության բոլոր հետքերը։

Վստահ եմ՝ տեսել եք։

Ցանկացած երկիր ծնկի բերելու եւ մասնատելու համար սորոսական օթյակները ջարդում են այդ երկրի իմունային համակարգը՝ ընտանիք, եկեղեցի, մշակույթ, պատմություն։ Նրանք դա արել են բազմաթիվ երկրներում և ինչը հիմա փորձում են Նավալնու միջոցով իրականացնել Ռուսաստանում: Եվ դուք զայրանում եք, դուք ընզդվում եք, որ Ռուսաստանը դիմադրում է եւ թույլ չի տալիս սպանել իր իմունային համակարգը։

Ակնհայտ է մեկ բան՝ վերջին տարիներին Եվրոպայի Խորհուրդը կարծես թե վերածվել է հակառուսական ակումբի, ինչը հակասում է մեր կառույցի հիմնարար արժեքներին. այն է՝ բացառապես մարդու իրավունք և զրո քաղաքականություն:

Մի՛ փորձեք կեղծ օրակարգերով հաշիվներ մաքրել երկրների հետ, որոնց հետ ունեք քաղաքական և աշխարհաքաղաքական տարաձայնություններ:

Դա ազնիվ չէ:

Գիտեք, երբ Նավալնուն Գերմանիա տեղափոխելու համար հատուկ ինքնաթիռ էր ուղարկվում, արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից կիրառված քիմիական ծանրագույն զենքով՝ սպիտակ ֆոսֆորով այրված արցախահայերը վստահաբար մտածում էին, որ շատ հաճախ քաղաքական շահերը շատ ավելի կարևոր են դառնում, քան հազարավոր խեղված ճակատագրեր և մարդկային ողբերգություններ:

Ես չեմ ուզում հաշտվել այն Եվրոպայի հետ, որը վերածվել է քաղաքական ակումբի, որտեղ փորձում են հաշիվներ մաքրել այն երկրների հետ, որոնք հրաժարվում են խաղալ ձեր սահմանած խաղի կանոններով, ինչը հիմա դուք փորձում եք անել Ռուսաստանի հետ:

Ես կողմ եմ մարդու իրավունքներին, բայց ես դեմ եմ

երկակի ստանդարտներին: