Սիվիլնեթին տված հարցազրույցում Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Ջոն Գալագերը խոսել է նաեւ Արցախում պատերազմի ժամանակ ՄԱԿ ԱԽ-ում Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած հայտարարության արգելափակման մասին։ «Ես լսել եմ այն մեղադրանքների մասին, թե իբր Միացյալ Թագավորությունն ինչ-որ բաներ է արգելափակել ՄԱԿ-ում։ Ուզում եմ կրկին շատ վճռականորեն ասել, որ դա այդպես չէ, Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որևէ հայտարարություն։ Մենք շատ ենք ցանկացել տեսնել խաղաղ հանգուցալուծում և այդ ուղղությամբ աշխատել ենք ՄԱԿ-ում և այլուր, որպեսզի դա տեղի ունենա», ասել է դեսպանը։


Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, որոնք ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի էին հրավիրել: Եռյակը ներկայացրել էր Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծ, որը պարունակում էր կրակի դադարեցման, երրորդ կողմերի չմիջամտության, ահաբեկիչների ներկայության անընդունելիության դրույթներ: Սակայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ պետություններից մեկը տապալել էր այն:


Քանի որ եռյակը չէր կարող տապալել իր իսկ ներկայացրած հայտարարությունը, մնում էին Մեծ Բրիտանիան ու Չինաստանը։ հայաստանում բնականաբար բոլոր կասկածներն ուղղվեցին Բրիտանիայի կողմ, քանի որ ընդունված կարծրատիպեր կան, որ Բրիտանիան թուրքամետ է, ծածուկ աջակցում էր թուրքերին պատերազմում եւ այլն, իսկ Չինաստանը Թուրքիայի հետ խնդիրներ ունի, բարեկամ է հայերի հետ եւ այլն։


Մեծ Բրիտանիայի դեսպանն այսպիսով հայտարարում է, որ իր երկիրը չի տապալել այդ նախագիծը։ Մնում է Չինաստանը, որը Երեւանում կառուցում է մեծությամբ երկրորդ դեսպանատունն աշխարհում։ Հետաքրքիր է, Չինաստանը փոշմանե՞լ է նման դեսպանատուն կառուցելու համար, որը ենթադրում էր Հայաստանի աշխարհքաղաքական որոշակի նշանակություն Պեկինի համար, միաժամանակ լուրջ հավակնություններ տարածաշրջանում Պեկինի քաղաքականության համատեքստում։ Հայաստանը պատերազմի արդյունքներով կորցրել է իր այդ դերը, ռուս-թուրքական համաձայնություններն ուղղված են Հայաստանի ինքնիշխանության վերացմանը։

Պատերազմից հետո Թուրքիայի ու Չինաստանի միջեւ համաձայնությունները, որոնց Լրագիրն անդրադարձել է մանրամասն, ենթադրում են որոշակի հաղորդակցական, առեւտրային եւ այլ բնույթի պրեֆերենցիաներ Չինաստանի համար։ Իր հերթին, Թուրքիան բավական զուսպ կեցվածք է որդեգրել Չինաստանի Սինցզյան նահանգի թյուրքախոս ույղուրների հետապնդումների կապակցությամբ։

Այս համաձայնությունները ենթադրում են, որ Չինաստանն է տապալել ՄԱԿ ԱԽ հայտարարության նախագիծը, որը կարող էր էական դեր ունենալ պատերազմի ավելի վաղ դադարեցման հարցում։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/22/636383/