Հայկական զլմ-ներում տեղեկություն եղավ, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանի շենքում իբր վստահելի անձանց ներկայությամբ ասել է՝ «Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն»:


Ասել է Նիկոլ Փաշինյանը նման բան, թե ոչ, դժվար է ասել։ Հայաստանը պաշտոնապես բացառում է միջանցքի տարբերակը եւ խոսում հաղորդակցությունների հանդեպ ՀՀ իրավազորության մասին։ Միեւնույն ժամանակ, նկատելի է ճնշումը ռուսական ու թուրքական կողմերից, ինչը Հայաստանում մեկնաբանվում է որպես Ռուսաստանի ու Թուրքիայի մրցակցություն։ Իրականում, եթե կա էլ մրցակցություն, այն չի վերաբերում միջանցքի լինել-չլինելուն, այլ միգուցե վերահսկողության խնդիրներին, այն էլ՝ խիստ տեսական։ Առավել հավանական է Ակնայի նմանությամբ համատեղ կենտրոնի ստեղծումը։


Հայտնի չէ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է նման բան, թե ոչ, փոխարենը, նման հայտարարություն արել է Ալիեւը, ասելով, որ եթե հայերը կամավոր չհամաձայնեն, դա կանեն ուժով, Զանգեզուրի միջանցքը միավորելու է թյուրքական աշխարհը։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասել է նման բան, դա անուղղակի հաստատում է ռուսների մասնակցությունը, որքան էլ Հայաստանում միջանցքի հարցը փորձում են ներկայացնել միակողմանի՝ զուտ թուրքական շահագրգռության տեսակետից։ Այլապես, Սյունիքում ՌԴ մասնակցությամբ «անվտանգության նոր համակարգի», ՌԴ կողմից սահմանների եւ հաղորդակցությունների վերահսկողության, բանակը ռուսներին հանձնելու մասին խոսող Փաշինյանը ինչու պետք է նման բան ասեր՝ ռուսները չե՞ն կատարելու պայմանագրային պարտավորությունները։


Այս հանգամանքը կարեւոր է նրանով, որ Զանգեզուրի միջանցքը ուժով բացելու մասին հայտարարող Ալիեւը գիտե, որ Զանգեզուրը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է։ Նա Ռուսաստանի դե՞մ է գնում, թե հայտարարությունը համաձայնեցված է Մոսկվայի հետ։ Եվ գուցե այդ պատճառով է Փաշինյանը Սյունիքի մարզի կապակցությամբ պարբերաբար «հիշեցնում» ռուսական պարտավորությունները։

Սյունիքի մարզով ճանապարհը ռուս-թուրքական պայմանավորվածություն է, որի իրականացումը հնարավոր է Ռուսաստանին պետք է պատերազմով, ինչպես Արցախում լավրովի պլանի իրականացումը եւ ռուսական զորքի տեղակայումը հնարավոր էր միայն պատերազմով եւ հայերի երաշխավորված պարտությամբ։ Ճիշտ է, Սյունիքի մարզի պարագայում ռուսական զորքի տեղակայման իրավական խնդիրներ կարծես թե չկան, սակայն առկա են բազմաթիվ հանգամանքներ, որոնք հավանական են դարձնում ռազմական հրահրումը։

Այս կապակցությամբ, կարեւոր է անդրադառնալ նաեւ տնտեսական հանգամանքին։ Հիշվում է, Կրեմլի խոսնակ Ժիրինովսկին պատերազմի առաջին օրերին հայտարարել էր, որ Ղարաբաղում ռուսները չպետք է կռվեն հայերի համար, իսկ եթե թուրքերը հարձակվեմ, ՌԴ-ն կմիջամտի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի կեսը ավերված կլինի, իսկ ՌԴ-ին պետք են միայն Հայաստանի հանքերը։ Սյունիքի մարզի հանքերի թեման վերջերս կարմիր թելի պես անցնում էր նաեւ Փաշինյանի այցի կապակցությամբ ակցիաների միջով։

Ցեղասպանության հարցով թուրքերը բայդենին զգուշացրել են չխանգարել նոր կարգին. Նուլանդ – պետք է վստահ լինենք, որ պահպանվում է ՀՀ ամբողջությունն ու ինքնիշխանությունը

Աղբյուր՝ Lragir.am