Ներկայումս որեւէ երկխոսություն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսություն սկսել Թուրքիայի հետ:
«Մենք այսօրվա դրությամբ մեսիջը Թուրքիային այն է, որ այո, իհարկե, խնդրեմ երկխոսություն, բայց որեւէ նախապայման ընդունելի չէ մեզ համար»,-ասաց նա:
Հարցին, թե Անկարան ընդհանրապես չի՞ արձագանքել առանց նախապայմանների երկխոսություն սկսելու Հայաստանի մոտեցմանը, Ադոնցը պատասխանեց. «Արձագանքել է նախապայմաններով: Դրանք եղել են սահմանները փակելուց անմիջապես հետո: Նախապայմանները հիմնականում երկուսն են, մեկը վերաբերում է ԼՂ հակամարտությանը, երկրորդը՝ Ցեղասպանությանը:
Այսօր զրո մակարդակի եւ որակի հարաբերություններ են Թուրքիայի եւ Թուրքիայի պաշտոնական շրջանակների հետ: 44-օրյա պատերազմի հետ կապված ես որեւէ նախապայման չեմ լսել: Այնուամենայնիվ ԼՂ հակամարտության կարգավորումը մնում է Թուրքիայի կողմից որպես նախապայման»:
Ինչ վերաբերում է արցախի համակարտության կարգավորմանը, փոխնախարարն ասաց, որ Մինսկի խմբի համանախագահությունից բացի որեւէ այլ ձեւաչափ Հայաստանը չի քննարկում. «Աշխատանքներ կան, ուզում եմ հավատալ, որ շուտով դրանք կդառնան տեսանելի: Մենք անում ենք այն, ինչ անում ենք: Մասնավորապես ԱԳՆ օրակարգը բաց ու թափանցիկ է: Իհարկե, կան սեգմենտներ, որոնք վերաբերում են դասական դիվանագիտությանը եւ ներսի շրջանակներից դուրս չեն գալիս»: