Օրեր առաջ ադրբեջանցիները, որոնք Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել, բանակցությունների արդյունքում այսօր՝ ապրիլի 27–ի առավոտյան հետ են քաշվել։ Այս մասին  ասաց Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

«Ապրիլի 25–ին, Նոր Ղազանչի համայնքի ղեկավարն ինձ տեղեկացրել էր դեպքի մասին։ Հաջորդ օրը գնացինք ու տեսանք, որ առաջ էին տվել իրենց դիրքը։ Մենք Արցախի նախագահին զեկուցել ենք իրավիճակի մասին, ռուս խաղաղապահ զորքերի միջամտությամբ բանակցություններ ենք ունեցել, արդյունքում ադրբեջանցիներն այսօր առավոտյան հետ են գնացել»,– պատմեց Հայկ Բախշիյանը:


Նրա խոսքով՝ ադրբեջանցիները տարբեր պատրվակներ են ներկայացրել՝ արդարացնելու իրենց առաջխաղացումը, այդ թվում այն, որ դրանք իրենց պատմական հողերն են։

«Նրանցից ո՞վ է բան հասկանում, տարբեր բաներ էին ասում, փորձել են, էլի, կանցնի՝ կանցնի, չէ՝ չէ»,– նշեց Մարտակերտի վարչակազմի ղեկավարը։ Նա հավելեց, որ իրավիճակն այս պահին հանդարտ է։