«Հրապարակ». թերթը գրում է․ «ՀՀԿ-ն կարծես թե մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց դեռ չեն կողմնորոշվում, թե ինչ ֆորմատով։ Երեկ Էդուարդ Շարմազանովն էր գրառում արել այդ մասին ու նաեւ ակնարկել, որ ՀՀԿ-ն պետք է միայնակ մասնակցի ընտրություններին։ «Հանրապետականը պետք է պայքարի ու այդ պայքարում չպետք է լինի որեւէ մեկի կցորդը, այլ պայքարի բաց ճակատով ու հանուն ազգային Հայաստանի»,- գրել էր Շարմազանովը։

Տեւական ժամանակ է՝ ՀՀԿ-ի ներսում քննարկումներ եւ վեճ կա՝ գնալ դաշինքո՞վ, թե՞ միայնակ։ Դաշինքի հարցում էլ քննարկվում է Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության հետ գնալու հարցը։


ՀՀԿ-ում կարծիքները տարբեր են՝ հին կորիզը կարծում է, որ իրենք պետք է մենակ գնան ու անպայման ՀՀԿ-ի ցուցակով։ Մի մասը կողմ է դաշինքին, եւ ասում են՝ հավասար համամասնությամբ ցուցակով գնանք։ Բայց կա նաեւ մի թեւ, որը դեմ է Վանեցյանի հետ համագործակցությանը ու մեկ ցուցակով գնալուն․ նրանք համարում են, որ իրենք կայացած կուսակցություն են, տարածքային կառույցներ ունեն, ձայն տնօրինող օլիգարխներ, եւ իրենց չի սազում նոր ստեղծված ուժի հետ՝ նրանց գերակայությամբ ընտրությունների գնալը։

Վանեցյանի թիմում էլ կան տարաձայնություններ․ ոմանք կարծում, որ ՀՀԿ-ի հետ գնալով՝ իրենք ավելի շատ կկորցնեն, եւ նախկինների պիտակը կվնասի իրենց, Նիկոլն էլ իրենց կթիրախավորի։ Բացի այդ, համարում են, որ «Հայրենիքն» այսօր արդեն բավարար քանակի տարածքային կառույցներ ունի, մոտ 4 հազար վստահված անձ են ցուցակագրել, միայն 7 հազար անդամագրման դիմում կա, եւ կարող են միայնակ մասնակցել ընտրություններին։

Մանավանդ, որ այդքան ռեսուրս ու նաեւ ֆինանսներ ունեն, ինչը նույնպես շատ կարեւոր է։ Իսկ եթե այլ ելք չկա, եւ գնալու են ՀՀԿ-ի հետ դաշինքով, ապա «կարկառուն» հանրապետականները չպետք է լինեն այդ ցուցակում, որ իրենք նախկինների հետ շատ չասոցացվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում