Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 29-ի նիստում հավանություն տվեց հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին, որը վերաբերում է ավտոմեքենաների ներկրմանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախագծի նպատակը Հայաստանում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է:


Ներկայումս Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռքբերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից:

Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտային հարկ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զարգացմանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ՝

- ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոմեքենաների հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոմեքենայի հետագա օտարման ժամանակ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի և նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման գնի դրական տարբերությունը,

- սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օտարումից ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած՝ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջիցստացվող եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ,

- Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար վերոնշյալ հարկային արտոնյալ կարգավորումներից անհարկի օգտվելու հնարավորությունները:

Նախագծի կարգավորման առարկան Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման և վաճառքի ժամանակ ձևավորվող՝ եկամտային հարկով և ԱԱՀ-ով հարկման բազաների հաշվարկման առանձնահատկություններն են:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերացնելTrade-in համակարգի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը օգտագործված ավտոմեքենաները նորերով փոխարինելու համակարգի մասին է. «Աշխարհում լայնորեն տարածված է, որ մարդիկ իրենց մեքենաները հանձնում են եւ որոշակի գործարքի արդյունքում ստանում են նոր ավտոմեքենաներ: Մենք եկել ենք եզրահանգման մեր գործող հարկային համակարգը այս պրոցեսի համար նպաստավոր չէ: մենք այս փոփոխություններով փորձում ենք նպաստել, որ ավտոմեքենաների պարկը մեր երկրում թարմանա: Որ հեշտ լինի հին մեքենաները նորով փոխարինելը»: