ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է պատժամիջոցներ կիրառել նույնիսկ դաշնակից պետությունների նկատմամբ, եթե նրանք որևէ նշանակալի գործարքի մասնակցեն Ռուսաստանի պաշտպանական համալիրի հետ: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին Բլինկենն ասել է օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ։
«ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցները պետք է խուսափեն ռուսական զինատեսակների խոշոր գնումներից, այդ թվում՝ С-400-ի նոր խմբաքանակներից», – ասել է Բլինկենը:
Պետքարտուղարը շեշտել է, որ ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը հակասում է դաշնակցային պարտավորություններին, որոնք ստանձնել են ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ համաձայն 2016 թ.-ին Վարշավայում Դաշինքի գագաթնաժողովի որոշումների, որոնց մեջ է մտնում նաև ռուսական արտադրության զենքի օգտագործումից հրաժարվելը:
«Թուրքիայի կողմից С-400-ների ձեռքբերումը վտանգում է Միացյալ Նահանգների անվտանգությունն ու դաշնակիցների ռազմական տեխնոլոգիաները, ինչպես նաև խաթարում է դաշինքի համախմբումը, որի անդամ են ԱՄՆ-ն և Թուրքիան: Դաշինքի երկրների միջև փոխգործակցությունը նույնպես սպառնալիքի տակ է», – ասել է Բլինկենը:
Նա նշել է, որ նման գործարքը Ռուսաստանի պաշտպանական համալիրին թույլ է տալիս զգալի միջոցներ վաստակել, իսկ Ռուսաստանը «մուտք է գործում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերություն»:
Պետքարտուղարը հիշեցրել է, որ 2017 թ.-ին ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է CAATSA (Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին) օրենքը և երկրորդական պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի գործընկերների դեմ:
«Շատ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ բոլոր դաշնակիցներն ու գործընկերները հետագայում խուսափեն ռուսական զենք գնելուց, ներառյալ С-400 համալիրների նոր գնումները», – շեշտել է նա:
«Հուսով եմ՝ մենք կարող ենք լուծում գտնել այս հարցին», – ավելացրել է Բլինկենը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնք հասցեագրված են ՌԴ 16 կազմակերպությունների և 16 ֆիզիկական անձանց դեմ ԱՄՆ ընտրություններին միջամտելու և SolarWinds-ի միջոցով կիբերհարձակման համար:
Սպիտակ տունը նաև հայտարարել է Ռուսաստանի Դաշնության դեմ նոր ծավալուն պատժամիջոցների նախապատրաստման մասին, որոնք կարող են ազդել Ռուսաստանի կառավարության պաշտոնատար անձանց, նրանց ամուսինների և երեխաների վրա: