ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ 2018-ին հրաժարական տվեց և հիմա մարդիկ իրեն մեղադրում են դրա մեջ, ասաց․
«Ինձ համար զարմանալի չէ, որ մարդիկ այդպիսի հարցեր են տալիս, ես դա համարում եմ բնական, բա ի՞նչ անեն մարդիկ, իրենք իրե՞նց մեղադրենք, ասեն, որ իրենք հրապարակում էին, ասեն, որ իրենք փողոցներ էին փակում, ու իրենք «դըմփ-դըմփ-հու» էին անում, տեղ ունեն մեղադրելու։ Դա չի նշանակում, որ ես ինքս ինձ մեղավոր չեմ համարում։ Անշուշտ, ես չէի պատկերացնում, որ կարող էր այսպիսի հետևանք լինել, ես շատ լավ հասկանում էի, որ այդ շարժումը հակաղարաբաղյան շարժում էր, հասկանում էի, որ մարդկանց տարիներով փորձել են հավատացնել, որ Հայաստանը չզարգացող երկիր է, որ Հայաստանում կոռուպցիան հասել է չգիտեմ ինչ աստիճանների, որ Հայաստանում անարդարությունը անսահման է և այլն, բայց որ կարող էր այսպիսի աղետ լինել, բնական է, որ ես չէի կարող կանխատեսել։ Ես հասկանում էի, որ այո, կարող են լինել խնդիրներ, ես հասկանում էի, որ բանակցային պրոցեսում գլխավոր բանակցողները եթե փոխվեն Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու է այլ ուղղությամբ։ Հավանականությունը մեծ էր, ես այդպես էի կարծում»,- ասաց Սարգսյանը։
Հարցին, թե ինչո՞ւ ռադիոտունը գրավելու ժամանակ Փաշինյանին չձերբակալեցին, Սարգսյանը պատասխանեց․
«Այո, ակնհայտ էր, որ հանցագործություն կար, բայց ես խնդրին նայում էի մի քիչ ավելի լայն պատկերի մեջ, այլ տեսանկյունից էի նայում․ քանի որ իրենք սակավաթիվ էին, քանի որ չկար որևէ կանխատեսում, որ այդ շարժումը կարող էր աճել, ստանալ այն թափը, այն մասշտաբները, որ հետո ունեցավ, որոշեցինք, որ դա կարող էր նմանվել այլ երկրների սցենարին, որտեղ ուժ կիրառելուց հետո այդ շարժումները ստանում էին լրիվ այլ բնույթ։ Սա էր միակ պատճառը, որ ձերբակալում տեղի չուենացավ։ Կարծում էինք, որ դա գուցե խայծ էր, որ նա ձերբակալվի, հետո հերոսացվի և շարժումը թափ հավաքի»։