2020 նոյեմբերի 9-ից 6 ամիս անց Երեւան կժամանի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Ապրիլի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը տարածել են հայտարարություն, որով պատրաստակամություն են հայտնել վերականգնել բանակցությունները՝ «հայտնի սկզբունքների եւ տարրերի» հիման վրա։ Հայաստանի ԱԳՆ-ը հաստատեց, որ «հայտնի սկզբունքներից» հիմնարարն Արցախի կարգավիճակի հարցն է։ Մոսկվան սակայն ամեն ինչ արեց, որ հայտարարության մեջ կարգավիճակը չհիշատակցի, եւ արվեն ընդհանուր ձեւակերպումներ։


Մինչ այդ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարում էր, որ կարգավիճակի հարցի քննարկումը աննպատակահարմար է, եւ նախ պետք է ամբողջությամբ կատարել Եռակողմ հայտարարությունը։ Այդ հայտարարության կետերից չի կատարվել երկուսը՝ գերիների վերադարձն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Ռուսաստանն ու Ադրբեջանը հայ զինծառայող պատանդներին օգտագործում են Հայաստանին այդ թվում «հաղորդակցություների ապաշրջափակման» հարցում որոշումներ պարտադրելու համար։

«Հաղորդակցություների ապաշրջափակումը» ենթադրում է «թյուրքական աշխարհը միավորող» միջանցքի ստեղծում՝ Ռուսաստանի եւ թուրքերի համատեղ պարեկությամբ եւ Հայաստանի ինքնիշխանության վերացմամբ։ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայաստանում ամերիկյան առաջնահերթությունների հռչակումը եւ ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանների՝ Սյունիքի եւ Տավուշի մարզեր կատարած այցերը փոխել են իրավիճակը։ Դատելով որոշ հանգամանքներից՝ ռուս-թուրքական պլանները տապալվել են, եւ Ռուսաստանին չի հաջողվել «Հայաստանում Հայաստանի տեղը զբաղեցնել»։

Կանգ են առել հաղորդակցությունների ապաշրջափակման մասին բանակցությունները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ թեկուզ կայացել է եռակողմ հանձնաժողովի 5 նիստ, արդյունք դեռ չկա, եւ կարիք կա փորձագետների աշխատանքի։ Հայկական թերթերը գրում են, որ հանձնաժողովի աշխատանքը փակուղի է մտել։

«Մեղրիի առումը» չկայացավ, եւ դրա ապացույցն է այն, որ «Ռուսաստանի մասնակցությամբ Սյունիքի մարզում անվտանգության նոր համակարգի կատուցումն» ու ռուսական ռազմաբազայի՝ Սունիքի մարզ տեղափոխումը դադարեցված է։ Համենայնդեպս՝ դրա մասին այլեւս չի խոսվում։

Համանախագահների հայտարարությունից հետո Լավրովի այցը Երեւան, այնուհետեւ Բաքու ենթադրում են, որ քաղաքական բանակցությունները վերսկսելու «պարտադրանք» կա։ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն հայտարարել են, որ անհրաժեշտ են համարում Արցախի կարգավիճակի քննարկումը, բաց տեքստով ասելով, որ դրան խոչընդոտում է Ռուսաստանը։

Մինսկի խմբի համանախագահությունը ՄԱԿ Անվտանգության խորհուրդ չէ, որ իրար վրա գցեն Ղարաբաղի մասին բանաձեւի տապալման մեղքը։ Համանախագահությունում ընդամենը 3 անդամ կա, եւ Լավրովը Երեւանում պետք է հստակ հայտարարի՝ պատրա՞ստ է Ռուսաստանը քննարկելու Արցախի կարգավիճակը։

Այս հարցի պատասխանն էլ է պարզ՝ Կրեմլը Ջո Բայդենի կողմից ճանաչումը «բլիթի եւ մտրակի» խաղ անվանեց, ժխտելով Ցեղասպանությունը, ինչն իր մեջ ներառում է նաեւ կարգավիճակի մերժումը։ Ռուսական զորքը Արցախում է կարգավիճակի հարցը ոչնչացնելու թուրքերի հետ համաձայնությամբ։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/02/638849/