Մայիսի 5-6-ին ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը կայցելի Երևան, որից հետո մայիսի 10-11-ին կմեկնի Բաքու։ Թե որտեղ է Լավրովը գնտվելու մայիսի 7-9-ը և որտեղ է նշելու մայիսի 9-ը, չի հաղորդվում։
Ռուս խաղաղապահները պատրաստվում են մայիսի 9-ին շքերթ կազմակերպել Ստեփանակերտում։ Արցախի հանրային հեռուստատեսության եթերում պատերազմից հետո բացված «Խաղաղապահ» հաղորդաշարի շրջանակներում, որը հեռարձակվում է ռուսերեն լեզվով, ցույց են տալիս կադրեր, որտեղ ռուս զինվորները խնամքով մաքրում են Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հուշարձանները։ Հաջորդ ռեպորտաժում պատմում են այն մասին, թե ինչպես են ռուսական ինժեներական ծառայությունները Ակնայում (Աղդամ) կառուցում ուղղափառ եկեղեցի և օգնում մահմեդականներին մզկիթ կառուցել։ Մենք պետք է ցույց տանք համատեղ գոյատևման օրինակներ, հեռուստացույցի էկրանից արցախցիներին պատմում է մի ռուս սպա։ Իսկ մյուս ռեպորտաժում արդեն պատմում են խաղաղապահ թիմերի միջեւ ֆուտբոլային մրցաշարի մասին, որը անցկացվել է ապրիլի 24-ին։ Դա երևի ամենահարմար օրն էր ֆուտբոլային միջոցառումներ կազմակերպելու համար։
Ճիշտ կլինի, որ Լավրովը, ում անվան ծրագիրն իրականացվել է թուրքերի հետ՝ հայերի արյան և հողերի հաշվին, մայիսի 9-ին ներկա գտնվի Ստեփանակերտի շքերթին, որպեսզի իր ներկայությամբ հաստատի թշնամիների և հերոսների, տոների և սգո օրերի լիակատար նենգափոխումը։ Ռուսաստանը մայիսի 9-ին Ստեփանակերտում մեծ շքերթ է անցկացնում 1992-ի այդ օրը ազատագրված և 2020 թվականին ռուսների «աղոթքներով» կորսված Շուշիի հիշատակը ջնջելու համար։
28 տարի այդ օրը Արցախում անցկացվում էին տոնական միջոցառումներ, ժամանակ արցախցիները հարգում էին Երկրորդ հանաշխարհային պատերազմում զոհված իրենց պապերի հիշատակը, որոնց գերեզմաններն ու հուշարձանները ռուսների թողտվությամբ պղծում են նրանց ապշերոնյան կամակատարները։
Հիմա ռուսներին թվում է, թե կարող են պարտադրել իրենց հաղթանակները «ազդեցության գոտում»՝ այդպիսով «նվաճելով» գաղութների ոգին։ Ռուսների պահանջով Արցախում ռուսերենը դարձել է երկրորդ պաշտոնական լեզու, Ստեփանակերտի փողոցներից հանվել են Հայաստանի դրոշները, որոնք ծածանվում էին Արցախի դրոշի կողքին, պահանջում են Մարտունիում ապամոնտաժել Նժդեհի հուշարձանը, ապրիլի 24-ին կազմակերպում են ֆուտբոլային մրցաշար և չեն ոգեկոչում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Եվ հիմա, կորսված Շուշիի ազատագրման օրը ուզում են շքերթ կազմակերպել Ստեփանակերտում։
Ի՞նչ են ուզում ցուցադրել ռուսները այդ շքերթին։ Եվ արդյո՞ք դրան մասնակից կդարձնեն ու կառաջնորդեն թուրքական ստորաբաժանումը Ստեփանակերտի փողոցներով․ որպեսզի ևս մեկ անգամ ցույց տան «համատեղ գոյատևման օրինակ»։
Արցախցիները պետք ընտրություն կատարեն․ կամ սեփական հերոսներ, հաղթանակներ և պարտություններ, կամ «թուրքերի հետ համատեղ» պարտադրված անվտանգություն։ Ռուս ուղղափառ եկեղեցի և մզկիթ Ակնայում. սա է «համակեցության» մոդելը, որն առաջարկվում է արցախցուն՝ հայկական ինքնության ոչնչացմանը զուգահեռ։