AntiFake.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում կուսակցականների միջեւ։ Աղբյուրը հայտնում է, որ նախ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ու ՏԿԵՆ Սուրեն Պապիկյանը լարված խոսակցություն են ունեցել, այնուհետեւ գրասենյակի տարածքում քննարկումը վերածվել է ծեծկռտուքի՝ ուղեկցվելով բարձր հայհոյանքներով։ Միջադեպին մասնակցել են Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, իմքայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը եւ այլ «ՔՊ»-ականներ, ովքեր հավաքվել էին գրասենյակում քննարկումների համար։

Սուրեն Պապիկյանը քաշքշելով գրասենյակի տարածքից հեռացրել է ծեծկռտուքի մասնակիցներից մեկին։ Այժմ իրավիճակը հանդարտվել է։


AntiFake.am-ը պարզաբանումներ ստանալու համար փորձել է կապվել Սուրեն Պապիկյանի եւ «ՔՊ» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն երկուսն էլ զանգերն անպատասխան են թողել։