Ապրիլի 26-ին Պուտին-Մակրոն հեռախոսազրույցի վերաբերյալ Ելիսեյան պալատը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի «երկու նախագահները պայմանավորվել են վերականգնել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի տևական կարգավորման հասնելու գործում: Առաջիկա օրերին այդ ուղղությամբ կլինեն կոնկրետ նախաձեռնություններ»: Ըստ հաղորդագրության՝ Մակրոնն ընդգծել է պատանդների, հումանիտար աջակցության և ժառանգության պահանման հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը:


Կրեմլի մամուլի ծառայությունն իր հերթին հաղորդել էր, որ «շարունակվում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման պլանային աշխատանքը: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում ‘ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»:


Պուտին-Մակրոն հեռախոսազրույցից առաջ նրանց հետ հեռախոսազրույցներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանը:


Մինսկի խումբը բանակցությունները «հայտնի սկզբունքների հիման վրա» շարունակելու վերաբերյալ հայտարարություն էր տարածել ապրիլի 13-ին: Մոսկվային հաջողվել էր այդ հայտարարության հարցում հասնել ընդհանուր ձեւակերպումների, չարձանագրելու համար ինքնորոշման սկզբունքը: Ռուսաստանը փորձում է Մինսկի խմբի միջոցով լեգիտիմացնել եռակողմ հայտարարությունը, «հայտնի սկզբունքներից» բացառելով Արցախի կարգավիճակը, կամ էլ կազմալուծել այդ ձեւաչափը: Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Մինսկի խմբի առաքելությունը տեսնում է հենց դրանում՝ հումանիտար եւ հաղորդակցական խնդիրների շրջանակում:

Ռուսաստանը դեմ է քաղաքական կարգավորմանը Մինսկի խմբում, քանի որ առաջանում է խաղաղապահների տեղակայման խնդիրը, որի մանդատը Մոսկվան չունի: Ավելին, ռուսական զորքն Արցախում է այդ թվում կարգավիճակը բացառելու վերաբերյալ Բաքվի հետ պայմանավորվածությամբ:

ԱՄՆ-ն համառորեն չի ընդունում Ռուսաստանի «կարգավորման պլանը», իսկ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որն անկասկած կապված է Արցախի խնդրի հետ, ստեղծում է նոր իրավիճակ ու հնարավորություններ Հայաստանի համար: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, նկատելի են Մոսկվայի ու Բաքվի համատեղ ջանքերը Փարիզին Մինսկի խմբից հանելու ուղղությամբ: Ուկրաինայի արեւելյան շրջանների հարցում Մակրոնի դիրքորոշումները Մոսկվային նման համոզվածության հիմքեր են տալիս:

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կանգնած են խնդրի առաջ: Բաքուն Մոսկվայի աջակցությամբ դիմադրում է Մինսկի խմբի շրջանակում քաղաքական կարգավորմանը, իսկ Հայաստանը մի կողմից խոսում է, որ կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն Մինսկի խմբի շրջանակում, մյուս կողմից հայտարարում է եռակողմ հայտարարությունն անվերապահ կատարելու մասին, անվտանգության ողջ համակարգը հանձնելով Ռուսաստանին եւ հրաժարվելով Արցախի հարցում նախաձեռնություններից: Ավելորդ է ասել, որ Հայաստանի նման պահվածքը խոչընդոտում է արտաքին նախաձեռնությունները, իսկ ժամանակը չի սպասում. Մոսկվան ու թուրքերն արդեն մոտ են «Կովկասում նոր կարգն» անշրջելի դարձնելուն:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/05/639389/