Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևը գերիներին պահում է՝ առավելապես Սյունիքի միջանցքի ստացումը Հայաստանում հոժար լռությամբ ապահովելու համար:
Պայմանավորվածությունը, անշուշտ, գաղտնի է իր երևանյան կատարածուի և մոսկովյան գործընկերոջ հետ:
Երեք գերի երեկ ազատեց, ի թիվս այլ գործոնների, նաև հայերին ազդակ հղելու, որ դա հնարավոր է, եթե և երբ միջանցքը տրամադրվի:
Լավրովն այսօր Երևան է ժամանում` միջանցքի բացման մանրամասները գաղտնի ռեժիմով քննարկելու համար:
Բացառված չէ, որ Հայաստանի առանձին հատվածների հանձնումն անվերադարձ դարձնելու նպատակով «խաղաղության համապարփակ պայմանագիր» են պատրաստում, որ հավերժական կապիտուլյացիայի և հավերժական կորստի երդմնագիր կարող է լինել:
Լավրովի այցը ոչ մի լավ բան իր հետ չի բերելու, թեև դա ժողովրդին վաճառվելու է, մասնավորապես, որպես գերիների ազատման ուղղությամբ լուրջ աշխատանք:
Երևանից Բաքու մեկնելով` Լավրովն Ալիևին փոխանցելու է հայկական քայլերի հաջորդականությունն ու ստանալու այդ ամենի դիմաց իրենց վարձը:
Եվ այս ամենին հայ ժողովուրդը շարունակելու է հետևել կողքից` կարծես՝ իրեն ու իր երկիրը չեն վաճառում: Կարծես՝ իրեն ու իր երկիրը չեն հետևողականորեն ոչնչացնում»: