Եգիպտական NoonPost կայքը հայտնում է, որ Թեհրանի դատախազությունը գործ է հարուցել Իրանի ԱԳ նախարար Զարիֆի դեմ։ Նրա չհրապարակված հարցազրույցի սկանդալային արտահոսքերից հայտնի է դարձել, որ Զարիֆը ասել է, թե Ռուսաստանը խոչընդոտում էր միջուկային համաձայնագրի ստորագրմանը և «որոշ նախաձեռնություններ է պարտադրել Իրանին Սիրիայում»։ Արդյոք հարցազրույցում մեջ կային պահեր Արցախում Ռուսաստանի գործողությունների և Իրանի սահմանին նոր իրավիճակի ստեղծման վերաբերյալ։


Այժմ, Արցախից հետո, Հայաստանի ամենաթեժ կետը Սյունիքի մարզն է, ավելի ստույգ, Հայաստանի և Իրանի սահմանը։ Թուրքիան և Ռուսաստանը փորձում են զրկել Հայաստանին այդ սահմանից, առաջարկելով «թյուրքական միջանցքը» անցկացնել հայ-իրանական սահմանի երկայնքով։

Նպատակը պարզ է՝ Թուրքիան ու Ռուսաստանը ցանկանում են զրկել Հայաստանին Իրանի հետ սահմանից, իսկ Ռուսաստանը փորձում է դառնալ այդ միջանցքի «վերահսկողը»։ Ինչպե՞ս է դրան վերաբերվում Իրանը։ Եվ ի՞նչ կարծիք ունի Թեհրանը, որ «տարածքների վերականգնման» շրջանակներում Ադրբեջանը, որպես երախտագիտություն պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցության, Իսրայելին հրավիրել է «ներդրումներ կատարել» հենց Իրանի հետ սահմանին: Ըստ զլմ-ների, դա լինելու է ԱԹՍ-ների կենտրոն, որը կօգտագործվի Իրանի դեմ։

Եռակողմ հայտարարությունից հետո, 2021 թվականի հունվարին Զարիֆը շրջայց էր կատարել շրջանում, որն ավարտվել էր Նախիջևանում։ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը «բավարարված է Ղարաբաղի գրավյալ տարածքների ազատագրմամբ»։

Այնուհետև, Ղարաբաղի վերաբերյալ Ղումում տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովում, որին մասնակցում էր նաև Զարիֆի տեղակալ Արաղչին, հայտարարվել է, որ «Համաձայն միջազգային կանոնների ՝ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը և իսլամական տարածքի բաղկացուցիչ մաս է»։

Եթե Իրանն այդքան մտահոգված է «իսլամական տարածքով», միգուցե պետք է առաջարկեր «թյուրքական միջանցքն» անցկացնել իր տարածքով, ձեռք չտալով Հայաստանին։ Իրանը կարող է տարանցիկ եկամուտներ ստանալ, իսկ դրա դիմաց պահանջել դուրս բերել իսրայելական «ներդրումները» Զանգելանից։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/05/639566/