ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում է, որտեղ քննարկելու է Հայաստանին պարտադրված եռակողմ հայտարարության կատարման ընթացքը: Եռակողմ հայտարարությունը եւ Արցախի օկուպացիան, այդ թվում ռուս խաղաղապահների տեղակայումը, կարող էր տեղի չունենալ, եթե 2020-ի հոկտեմբերի ՄԱԿ Անվտանգության խորհրդում անդամ 5 պետություններից մեկը չտապալեր կրակի դադարեցման վերաբերյալ բանաձեւի ընդունումը: Բանաձեւը ներկայացրել էին Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, որքն ՄԱԿ ԱԽ մշտական անդամ են, մշտական անդամներ են նաեւ մեծ Բրիտանիան ու Չինաստանը:


Ենթադրվում է, որ համանախագահ եռյակը վետո չէր դնի իր իսկ ներկայացրած բանաձեւի վրա: Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանը Երեւանում վերջերս հայտարարեց, որ իր երկիրը վետո չի դրել: Մնաց Չինաստանը, որը պաշտոնապես չի հերքել կամ հաստատել, անուղղակի «հերքում» է եղել ինչ որ լրագրողական աղբյուրից:

Հարց Լավրովին՝ Ռուսաստա՞նն է վետո դրել այդ բանաձեւի վրա: Կամ գուցե Ռուսաստանի համառ խնդրանքով՝ Չինաստա՞նը: Բանն այն է, որ Մոսկվան բացահայտ դեմ է հանդես գալիս Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում քաղաքական կարգավորմանը, որը մասնավորապես առնչվում է Արցախի կարգավիճակին ու խաղաղապահ ուժերի կազմին: Իր հերթին, միջազգային կառույցներից միայն ՄԱԿ-ն ունի հակամարտություններին միջամտելու լիազորություն, որը կարող է իրականացնել միայն Անվտանգության խորհրդի որոշմամբ: Մի բան, որը նույնպես անցանկալի է Ռուսաստանի համար եւ կրկին առնչվում է խաղաղապահ ուժերի խնդրին:

Ռուսաստանը փորձում է թույլ չտալ միջազգային ներգրավվածությունն Արցախում քաղաքական կարգավորմանը, նրանց հատկացնելով ընդամենը մասնակցություն հումանիտար բնույթի խնդիրներին:

Ռուսաստա՞նն է վետո դրել այդ բանաձեւի վրա:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/06/639750/