Արցախի Մարտունիում Նժդեհի արձանը հանելու վերջին փորձը հանդիպել է բնակչության ու քաղաքապետի կոշտ դիմադրությանը։ Նժդեհի արձանի ապամոնտաժման հրահանգը տվել է անձամբ գեներալ Մուրադովը։ Հրահանգը զուգորդվում է Ռուսաստանի զլմ-ներում հայ ժողովրդի վարկաբեկման նոր ալիքով: Բաքվից արձանը հանելու ձեւական «դամքաշությունն» ընդամենն «ալիբի» է ռուսների համար, ինչպես հայ պատանդներին չվերադարձնելու կամ «լավրովյան չափաբաժնով» վերադարձնելու զազրելի խնդրի դեպքում։


Հերթական սադրանքը Մարտունիում տեղի ունեցավ Շուշիի Ս․ Ղազանչեցոց տաճարի գմբեթները քանդելուց հետո եւ Լավրովի այցի շեմին։ Հայերի դեմ ռուս-թուրքական անկանոն պատերազմի այս ակնհայտ դրվագների ֆոնին Լավրովը Երեւանում բացառեց Արցախի կարգավիճակի եւ ընդհանրապես քաղաքական կարգավորման որեւէ հնարավորություն։


Լավրովի այցի ավարտին Ալիեւի անձնական կայքում եւ ռուսական կայքերում հրապարակվել են ՌԴ ԱԳ նախարարին ուղղված ռուսաստանցի եւ «ադրբեջանցի» վետերանների նամակներ, որոնց բովանդակությունը խիստ ներդաշնակ է։ Վետերանները պահանջում են Մարտունիում ապամոնտաժել «ֆաշիստ Նժդեհի» արձանը, Ռուսաստանում ներկայում մոլեգնող «պոբեդոբեսիայի» տառին ու ոգուն համահունչ։ Հայ ժոլովուրդը մեղադրվում է ֆաշիզմին աջակցելու մեջ: Մեղադրանքներ են հնչում նաեւ Էմանուել Մակրոնի հասցեին, որը «ներում է հայերի ոճրագործությունները ֆրանսիական Դիմադրության շարժման դեմ»:


Բաքվում ու Ռուսաստանում միաժամանակ հրապարակված այս տեքստերը կասկած չեն թողնում հակահայ սադրանքների բուն նախաձեռնողի տեղորոշման հարցում: Դա Մոսկվա ուգրո-ֆիննական անվամբ գետի վրա գտնվող նախկինում թաթար-մոնղոլական ավանն է:

Նժդեհի դեմ կեղտոտ արշավը տարիներ առաջ պաշտոնապես սկսել էին հենց ՌԴ ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն։

Փոխարենը, ՌԴ որեւէ պաշտոնական մարմին երբեւէ չի արձագանքել 1989-ից առ այսօր այսպես կոչված Ադրբեջանի, ներկայում Արցախի օկուպացված շրջաններում Երկրորդ աշխարհամարտի հայ հերոսների հուշարձանների ոչնչացմանը։ Այդ մասին հարցերին ՌԴ ԱԳ նախարարն ու նրա խոսնակը կամ խուսափում են պատասխանել, կամ արձագանքում են ամոթալի տափակաբանությամբ։

Չմոռանանք, որ Բաքվի թղթադրամների վրա թուրք ֆաշիստի՝ Մամեդ Ռասուլզադեի նկարն է: Ոչ մի ռուս պաշտոնյա երբեւէ չի առարկել իրենց հավանաբար «հոգեհարազատ» ֆաշիստի առիթիվ: Չմոռանանք նաեւ, որ Հիտլերն ու Ռիբենտրոպը նույնպես հոգեհարազատ էին «հակաֆաշիստ» Ստալինին եւ Մոլոտովին: Ինչ է կատարվում հակաֆաշիստ Պուտինի հոգու խորքում՝ մնում է միայն կռահել ռուս-թուրքական համատեղ արշավանքի ակներեւ սաստկացումից:

Հայաստանը, ռուսաբնակ հայերը պիտի պատրաստ լինեն հոգին տիրոջը ավանդող իմպերիայի նորանոր սադրանքներին: Հներին եւ նորերին շրջանցող համախմբում է հարկավոր, որը անկասկած տեղի է ունենալու: Գարեգին Նժդեհը հավատարիմ էր հռոմեական imvictus maneo՝ «անպարտելի եմ մնում» սկզբունքին:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/06/639978/